Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է տարածքային կառավարման նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարությունից անջատելու հարցը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մոտ «դիսկոմֆորտ» է եւ իր դժգոհությունը հայտնեց պատճառաբանությունից, թե ի՞նչ ասել է քաղաքական համագործակցության արդյունքում նախարարությունները տարանջատում ենք: Քաղաքական նպատակներից ելնելով փաստորեն նախարարություններ են բացում, փակում:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ հանգիստ, նորմալ կանգնած եմ ամբիոնի մոտ, չգիտեմ ինչից վերցրեցիք, որ ինձ մոտ դիսկոմֆորտ է: Դիսկոմֆորտ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր միավորել էին իրենց աշխատասենյակները նախարարություններում»:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ինչքան բյուջետային ծախս է ենթադրում նոր նախարարության ստեղծումը՝ նոր ծառայողական մեքենաներ եւ այլն:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Գոյություն ունեցող ռեսուրսների հաշվին է կատարվելու»: Նա վստահեցրեց, որ պահուստային ֆոնդից գումարներ չեն տրվելու, համենայնդեպս, այս պահին նման հարց չի քննարկվում. «Մենք գնում ենք գոյություն ունեցող ռեսուրսների վերաբաշխմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ