Լրահոս
Օրվա լրահոսը

Հայց դատարան. Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը վերացնել

Փետրվար 19,2016 12:47

Հայցվոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի`

Զարուհի Համազասպի Փոստանջյան

Ծանուցման հասցե` Երևան, Բաղրամյան 19

 

Պատասխանող` Հայաստանի Հանրապետության նախագահ`

Սերժ Ազատի Սարգսյան

Հասցե` Երևան, Բաղրամյան 26

 

ՀՀ վարչական դատարանին հայցադիմում

(վիճարկման հայց)

2016 թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին

Հայցի էությունը (գործի նկարագրություն) և պահանջը հիմնավորող փաստարկներ ու փաստեր

 2016թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության նախագահ` կայացրել է ՆՀ- 175 –Ա որոշումը, համաձայն որի` Գեորգի Կուտոյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Սերժ Սարգսյանն այդ որոշումը հիմնավորել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» 55-րդ հոդվածի 5-րդ կետով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերը թվարկված հիմնավորումները օրենքով սահմանված բավարար պայմանը չեն ապահովում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու համար:

2016թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը, հանդիսանալով իրավական ակտ, չի բավարարում իրավական ակտի ընդունման պահանջներին` չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան դրույթի և համապատասխան օրենքի պահանջներից: Սույն որոշումով չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված պետական պաշտոնատար անձի կողմից պարտականությունը` կատարել միայն այնպիսի գործողություն, որի համար պաշտոնատար անձը լիազորված է օրենքով:

Վիճարկվող որոշումն ընդունելիս` Սերժ Սարգսյանը, հանդես գալով որպես պետական պաշտոնատար անձ, անտեսել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը` ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, որով ամրագրված է հետևյալը. «պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետը` Սերժ Սարգսյանն օգտագործել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունը, սակայն այդ լիազորության օգտագործումը տեղի չի ունեցել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

2016թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը հակասում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

Պարոն Գեորգի Կուտոյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում համապատասխան ծառայության փորձ չունի` նա չի զբաղեցրել համապատասխան պաշտոններ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում և չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գնդապետ:

Պետական պաշտոնատար անձի, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանի կողմից ընդունված վարչական ակտը, չբխելով օրենքի պահանջներից, անմիջականորեն խախտում է իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու` հարկատուիս իրավունքը` ունենալ համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող բարձրաստիճան ղեկավար պաշտոնյա: Վիճարկվող որոշումը կարելի է բնորոշել արտոնության շնորհում` զբաղվել ազգային անվտանգության ծառայության ղեկավար գործունեությամբ առանց համապատասխան մասնագիտական որակավորման:

Հայցի պահանջը

 2016թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը վերացնել (անվավեր ճանաչել):

Գրավոր ապացույցների ցանկը

  1. 2016 թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշման պատճեն
  2. Գեորգի Կուտոյանի կենսագրություն

 

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածներով` խնդրում եմ հայցադիմումն ընդունել վարույթ և իրականացնել դատաքննություն:

Կից ներկայացնում եմ`

  1. Պետական տուրքի վճարման անդորրագիր
  2. 2016 թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշման պատճեն
  3. Գեորգի Կուտոյանի կենսագրություն
  4. Անձնագրի պատճեն
  5. Հավաստագիր հայցադիմումի օրինակը պատասխանողին տրամադրելու վերաբերյալ

15.02.2016թ.

Հայցվոր` Զարուհի Համազասպի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29