Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Հայրիկս ասաց, թե ստալինիզմն այսօր էլ ապրում է, ըստ էության ոչինչ չի փոխվել»

Փետրվար 19,2016 12:43

Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնների նշանակումը և ազատումը վաղուց կրում է կամայական և ապօրինի բնույթ: Մեր անկախության, պետականության ստեղծման առաջին տարիներին կամայական մոտեցմամբ նշանակումներ և ազատումներ կատարելը կարող էր արդարացվել համապատասխան օրենքների բացակայությամբ, համապատասխան կադրերի բացակայությամբ, սակայն 25 տարվա անկախ պետականության պայմաններում այսօր ևս նման մոտեցմամբ առաջնորդվելն ուղղակի հանցագործություն է:

Վերը նշված արատավոր երևույթները շարունակվեցին նաև 2016 թվականը սկսվելուց անմիջապես հետո:

Այս հոդվածի առիթը հանդիսացան Սերժ Սարգսյանի փետրվարյան հրամանագրերը:
Սույն թվականի փետրվարի 3-ին Գեորգի Կուտոյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և ազատվեց այդ պաշտոնից սույն թվականի փետրվարի 12-ին:
Հանրությանը չտրամադրվեց որևէ տեղեկատվություն, թե ինչ հիմնավորմամբ է ՀՀ դատախազությունում ստեղծվել ՀՀ գլխավոր դատախազի լրացուցիչ տեղակալի (5-րդ տեղակալի) հաստիք և որն է այն իրավական հիմքը, համաձայն որի Գեորգի Կուտոյանը կարող է աշխատել որպես ՀՀ դատախազի տեղակալ:

ՀՀ դատախազության մասին օրենքը հստակ նշում է պայմաններ, համաձայն որի` ով կարող է դառնալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ Գեորգի Կուտոյանի կենսագրական տվյալները չեն համապատասխանում օրենքի պահանջներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատախազությունում այդ (5-րդ տեղակալի) հաստիքը ավելացվել է հատուկ Գեորգի Կուտոյանի համար (նրան ընդունել են ընդամենը մեկ շաբաթով և հետո, նրան ազատելով, այդ պաշտոնին այլ անձի չեն նշանակել), հասկանալի է, թե ինչպես են հարկատուների գումարները ոչ միայն ծախսվում ապարդյուն, այլ նաև սպասարկում մասնավոր` հանցավոր շահ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը, շրջանցելով օրինականության և օրենքի առաջ բոլորի հավասարության հիմնարար սկզբունքները, Սերժ Սարգսյանի ցանկությունը բավարարելու համար համաձայնվել է ստեղծել ՀՀ դատախազի 5-րդ տեղակալի հաստիք մեկ շաբաթով և այդ պաշտոնին համաձայնվել է առաջարկել նշանակելու մի անձի, ով չի բավարարում ՀՀ դատախազության մասին օրենքի պահանջներին:

Առանց որևէ հիմնավորում լսելու Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից (օրենքի պահանջ) Գեորգի Կուտոյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ նշանակելու վերաբերյալ հանրությունը միայն տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը սույն թվականի փետրվարի 12-ի նրան ազատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և որոշում կայացրել նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ:

Հայաստանի Հանրապետության նախագահի անունից արձակված Սերժ Սարգսյանի 2016թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը, համաձայն որի` Գեորգի Կուտոյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հանդիսանալով անհատական իրավական ակտ, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և խախտում է ՀՀ Սահմանադրությունը, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին և Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքները:

Իրավասու պաշտոնատար անձի կողմից ընդունվող անհատական իրավական ակտը` որոշումը պետք է բխի ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներից:
Իրավական ակտի ընդունման հիմնավորման համար անհրաժեշտ է, որ այն ընդունող մարմինը պահպանի օրենքով սահմանված իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ պայմանները` պահանջները:

Անհատական իրավական ակտը պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում ընդունած այն իրավական ակտն է, որն ընդունվում է միայն նորմատիվ ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը միայն մատնանշել է անհատական իրավական ակտ` որոշում կայացնելու լիազորության` ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակում կատարելու իրավասության վերաբերյալ, սակայն չի նշել, թե որ օրենքի հիման վրա է Գեորգի Կուտոյանը համապատասխանում տվյալ պաշտոնին:
2016թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշմամբ սահմանվել են լիազորություններ և պարտականություններ Գեորգի Կուտոյանի համար` նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, սակայն օրենքով սահմանված որ չափանիշի հիման վրա է նշանակվել, մատնանշված չէ:

2016 թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա անհատական իրավական ակտում բացակայում են Գեորգի Կուտոյանի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթի վերաբերյալ հիմնավորումը: Հայտնի չեն Գեորգի Կուտոյանին ազգային անվտանգության ծառայության մարմինների ծառայողի պաշտոնի նշանակելու պայմանները: Մատնանշված չէ, թե որ պայմանի հիման վրա է Գեորգի Կուտոյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Վերը նշված որոշումը հանդիսանում է լիազորություններ և պարտականություններ սահմանող անհատական իրավական ակտ, դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի վերաբերյալ հղում կատարելը պարտադիր է:

Հայեցողական լիազորություններ իրականացնելիս` պաշտոնատար անձի իրավունքները սահմանափակված են, նա չի կարող գործել կամայականության ցանկության հիման վրա և հետապնդել մասնավոր նպատակ:

Երբ այս նշանակման մասին գրեցին լրատվամիջոցները, և ես որոշեցի հայցով դիմել դատարան այս նշանակման անօրինությունը վիճարկելու վերաբերյալ, հայրիկս ասաց, թե` ստալինիզմն այսօր էլ ապրում է, ըստ էության ոչինչ չի փոխվել և պատմեց մի դեպք ստալինյան ժամանակաշրջանից, որը փաստագրված է որպես մեր պատմության մի դրվագ.
«Ստալինյան ժամանակաշրջանում Խանջյանին սպանելուց հետո Ստալինը պետք է նշանակեր Հայաստանի կենտկոմի նոր առաջին քարտուղար: Այդ ընտրությունն ընկնում է մի անձի վրա, ով Հայաստանում չէր բնակվում, հայերեն նույնիսկ չգիտեր, այդ մարդը Վրաստանի կենտկոմի երկրորդ քարտուղար Գրիգորի Արտեմիչ Հարությունյանն էր: Բերիայի կարգադրությամբ գնում են Գրիգորի Արտեմիչ Հարությունյանի մոտ և ասում են, որ քեզ Բերիան կանչում է Երևան: Այս մարդն անհանգստանում է, թե ինչու է Բերիան իրեն կանչում Երևան, վախով և կասկածանքով գալիս է Երևան և հանդիպում անակնկալի. պարզվում է, որ իրեն կանչել են` նշանակելու Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար…»:

Հայաստանի Երրորդ Հանրապետություն, ափսոս` այդպես էլ չկայացար, այդպես էլ չկարողացանք կայացնել քեզ: Երբ լսում ենք հիմնավորումներ հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից, ովքեր փորձում են արդարացնել վերը նշված նշանակումը, գալիս ենք այն եզրակացության, որ ազգային շահ և ազգային անվտանգության ծառայություն չենք ունեցել, և հետևաբար` ազգային անվտանգության տնօրենն էլ կարող է լինել պատահական մի անձ:

Բոլորի հավասարությունն օրենքի առաջ մեր համար դեռ երազանք է, բոլորի` առանց բացառությունների, անկախ այս կամ այն անձի զբաղեցրած պաշտոնից, կապերից և ունեցած ֆինանսական հնարավորություններից. այդպիսի համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետությունում այդպես էլ իրականություն չդարձավ:
Զարուհի Փոստանջյան
19.02.2016թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սերժ Սարգսյանը գործել է համաձայն գլխավոր պատվիրանի.
    ՛՛Ցանկացած պաշտոնյա պետք է խոցելի լինի իր առջև:՛՛

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29