Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալների տեսակցությունները կկրկնապատկվեն

Փետրվար 19,2016 12:39

ՀՀ կառավարությունն առաջարկում է ավելացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեսակցությունները: Տարեկան երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցությունների ժամանակահատվածն, այդ առաջարկով կրկնապատկվում է` վեց կարճատև և երկու երկարատև տեսակցությունների: Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում:

Այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նպատակը շատ պարզ է: Խնդիրը նրանում է, որ հատկապես ցմահ ազատազրկվածները տեսակցությունների ժամանակի ավելացման պահանջ ունեն: Դրա համար առաջարկում ենք վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն»,- ասաց նախարարը:

Lsumner_2

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դրական է վերաբերվում նախագծին, բայց կարծում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների խումբը ենթադրում է տարբեր ժամկետներով ազատազրկում, այդ թվում՝ ցմահ: Նա առաջարկեց տարբերակել ըստ հանցագործության ծանրության տեսակցությունների քանակն ու ժամանակը. «Նախագծի հիմնավորման մեջ նաև նշված է, թե տեսակցությունները նպաստում են ընտանիքի պահպանմանը: Եթե տասը տարի հետո մենք պետք է նպաստենք դատապարտյալի ընտանիքի պահպանմանը… վստահ եմ, որ տասը տարի ընտանիքը չի պահպանվի, որ մենք էլ նպաստենք հետագա պահպանմանը: Կուզեի, որ մեր սիրելի նախարարը հաշվի առներ սա, տարբերակում մտցվեր, որովհետև ցմահը մեկ այլ ժամկետ պետք է լինի, մյուս մի ուրիշ»:

Նախարարը պատասխանեց, որ տարբերակումը դասական մոտեցմամբ է արվում. «Այն ինչ մենք արել ենք՝ պարզ լուծում է: Գաղտնիք չէ, որ նախարարությունն այս պահին մշակում է Քրեական դատավարության նոր օրենսգիրք, քրեակատարողական օրենսգիրք, որով առաջարկվում են նոր կարգավորումներ»:

Lsumner_1

«Այն խումբը, որ մահապատժի է դատապարտվել, հետո նրանց պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, հիմա էդ մարդիկ ասում են՝ կամ տարեք գնդակահարեք, կամ էլ ավելի խստացրեք պատիժը: Դուրս է գալիս, որ հացադուլներին պատասխանում ենք մի բանով՝ տեսակցությունների ժամկետները քանակը կավելացնենք»,- իր դիտարկումը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նախագիծը դրական եւ հումանիտար որակեց: Նախարարը, բնականաբար, չի կիսում պատգամավորի կարծիքը, բայց ընդունում է`խնդիրներ, թերացումներ կան եւ իրենք պետք է աշխատեն:

Hovhannes_Sahakyan

«Ես անձամբ բազմիցս այցելել եմ դատապարտյալներին, բազմաթիվ անգամ այցելել եմ, տեղյակ ենք խնդրին: Կա որոշակի պրակտիկայի, ժամանակի մեջ վերանայման խնդիր: Պատրաստ ենք լուծում տալ և աստիճանաբար լուծում ենք: Չնչին փոփոխություն է, բայց կարևոր է, երբ նույն ցմահ ազատազրկման դատապարտված անձինք նաև իրենց վարքագծի մեջ որոշակի շտկումներ են անում»,-իր կարծիքը բարձրաձայնեց հարցի հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Հարցն ընդգրկվեց առաջիկա քառօրյայի օրակարգ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29