Երբ մոտավոր պատկերացնում ես` ինչպես են ստեղծվում բիզնես-մոդելներ, թվում է` արագ և հեշտ կարելի է ստեղծել այն, ինչ մտքիդ թռիչքի արդյունքում ուրվագծվել է: Սակայն, դա այդքան էլ հեշտ գործ չէ: Ցանկացած բիզնես նախագիծ առանձնահատուկ ուշադրություն և վերաբերմունք է պահանջում: Այդ պահանջարկը առկա է և՛ օնլայն հարթակում, և՛ կազմակերպության հիմնադրման դեպքում: Բիզնեսի շարժման պարտադիր գործիքներ կարող են լինել բիզնեսի անվանումը, լոգոն, մտահղացումը` կրեատիվությունը, և նպատակը` ինչ դեր է այն կատարելու աշխատաշուկայում:
Հայկական առաջին մարքեթինգային պորտալ Global Media Lab-ի հիմնադիր Սեդա Վարդանյանը գիտի` ինչպես ճիշտ նպաստել բիզնեսի կառուցմանը: Սեդան իր 6 տարվա մարքեթինգային փորձով ցույց է տվել, որ գաղափարի արդյունքում ծնվում է բիզնեսի կաղապար, որն էլ իր հերթին նպաստում է նոր բիզնեսի կառուցմանը: Global Media Lab-ը շուկայում է 2014 թվականից, որի նպատակն է մարքեթինգային ծառայություններ մատուցել բիզնես և ինտերնետ ոլորտներում: Բիզնես գաղափարին ճիշտ լուծում տալու համար Սեդայի կարծիքով նախապայմաններ են հարկավոր, ինչպես նաև հանրությանը գրավելու ճիշտ մեթոդներ, ինչպիսիք են օրինակ` անվանման ընտրությունը, լոգոն, կարգախոսը և այլն:
«Մինչև մտածելը լոգոյի, անվան, բրենդինգի և ճիշտ ձևավորման մասին, նախ պետք է հասկանալ` ինչ ես դու վաճառելու մարդկանց, որն է քո ծառայությունը և արդյոք քո ապրանքն այնքան լավն է, որ դու ժամանակ և ռեսուրս ես ներդնում այն զարգացնելու համար: Այստեղ կարևորվում է քո ոլորտի գիտակ լինելը, քանի որ եթե դու օրինակ ոսկերիչ ես և ուզում ես ծաղիկների օնլայն վաճառքի խանութ բացել և մտածում ես, որ գյուղերից կարող ես ծաղիկ գնել և վերավաճառել, դու հաջողություն այդ ոլորտում այնքան չես ունենա, որքան, եթե բացես օնլայն ոսկերչական խանութ և քո լսարանին գտնելով զարգացնես այդ բիզնեսը,- ասում է Սեդան»:
Սեդան կարծում է, որ կայքերն այսօր մեծ հաջողություն են գրանցում բիզնեսի ոլորտում, քանի որ լսարանը մեծ է, իսկ ինտերնետից օգտվողները` շատ: Հենց նույն ինտերնետ պորտալի օգնությամբ`Facebook սոցիալական կայքի շնորհիվ, ընկերների հետ համատեղ Սեդան կարողացել է գտնել կայքի ճիշտ անվանում` Creagift.am, որն արդեն 3 տարի է զբաղվում է Հայաստանի ամենակրեատիվ հուշանվերներ-տպավորությունների ստեղծմամբ:
Կարդացեք նաև
Երբ խոսքը վերաբերում է կայքերի ստեղծմանը, որոնք հայտնվում են ինտերնետ հարթակում, կարևոր է անունի ճիշտ ընտրությունը, որը ինտերնետային բառարանում հայտնի է որպես դոմեն: Առանց դոմենի` անվանման, կայքեր չեն պատրաստվում և չեն հայտնվում ինտերնետում: Դոմենի ստեղծման համար պետք է նախ և առաջ ունենալ մոտավոր պատկերացում գովազդվող ապրանքի կամ կազմակերպության նպատակի մասին, քանի որ անվանումը և բովանդակությունը պետք է համալրեն միմյանց: Հայկական կայքերի դոմենների ընտրությունը կատարվում է որոշ չափանիշների համաձայն, օրինակ` մոտ 2-63 սիմվոլ, լատինական տառեր, թվեր և գծիկ: Սակայն այս չափանիշները պետք է համապատասխանեն նաև գաղափարին և ստեղծեն մոտավոր պատկերացում ապրանքանիշի մասին:
Հայկական շուկայում թյուրիմացության և կրեատիվության սահմաններում կարելի է հանդիպել անունների ցանկ, որտեղ գաղափարը և բովանդակությունը կարծես չեն ցանկացել «ընկերանալ»: Նմանատիպ կայքերի շարքին են դասվում օրինակ` hay-karot.am ֆիլմերի կայքը, terz.am ամենահայկական բազար բլոտի կայքը. inchuzem.am-ը և այլն: Քիչ չեն նաև ինքնաբուխ և խեղաթյուրման հասնող սեփական բլոգերի անվանումները ինչպիսիք են օրինակ` malishkablog.ru հայկական բլոգը, serojik-01.wix.com-ը և այլն:
Մարքեթինգային հնարավորությունները թույլ են տալիս կայքերի և կազմակերպության ձևավորման համար թողարկել ընկերություններ, որոնք զբաղվում են բիզնեսին առնչվող գործունեությամբ`օգնելով ճիշտ ընտրություն կատարել ապրանքի գովազդման համար: Այդպիսի ընկերությունները տարածված են ամբողջ աշխարհում և համագործակցում են միմյանց հետ: Հայկական շուկայում կարելի է առանձնացնել 2011 թվականին ստեղծված «Բրեինդ» ընկերությունը, որը զբաղվում է բրենդավորմամբ, գրաֆիկլական դիզայնով և կայքերի ստեղծմամբ:
Սեդայի կարծիքով, բիզնեսի հիմնադրման համար ոչ այնքան գումար է հարկավոր, որքան հասկանալ, թե ինչին կարող է նպաստել քո մտահղացումը և սոցիալական կայքերի ու ցանկացած անվճար այլ հարթակում հասանելի դարձնել քո գաղափարը:
«Երբ դու եզակի լուծում ես առաջարկում հաճախորդին և այն յուրովի ներկայացնում, դու մնում ես հաճախորդի հիշողության մեջ: Չեմ ցանկանում կրեատիվ բառը օգտագործել այս դեպքում, քանի որ ցանկացած մեկը, ով ինչ-որ բան է ստեղծում, կարծում է, որ կրեատիվ է: Մենք ապրում ենք այն դարում, որտեղ կազմակերպությանը առնչվող 10 էջանոց նկարագրությունները հետաքրքիր չեն: Առևտրային առաջարկը պետք է լինի բացառիկ, ինչը նշանակում է, որ պետք է իմանալ մրցակիցների առավելությունները և ունենալ այնպիսիք, որոնք եզակի են քո կազմակերպության համար,- ասում է Սեդա Վարդանյանը»:
Խոսելով եզակիության մասին, կարելի է նաև ուշադրությունը սևեռել անվանումների հայատառ կամ լատինատառ գրությանը: Վերջին տարիներին որոշ երկրներում, օրինակ` Ռուսաստան, Վրաստան, թույլատրելի է դարձել կայքերի անվանումները և տիրույթը ընտրել իրենց ազգային տառերից: Հայաստանում դեռևս մուտք չգործած այս նորամուծությունը փոխարինվում է լատինատառ անվանումների կիրառմամբ, ինչը մատնանշում է ապրանքանիշի բնույթը, սակայն չի կողմնորոշում նրա ազգային պատկանելությունը:
«Հայերենում, երբ ինչ-որ բան ես ցանկանում գրել նախադասությունները շատ երկար են ստացվում, ռուսերենում և անգլերենում` հակառակը: Եթե դիտարկենք անվանումների տեսանկյունից, ապա կտեսնենք,որ նրանք այնքան հնչեղ չեն, որքան անգլերեն կամ ռուսերեն անվանումները, ինչպես օրինակ` Marketers Community-ն կանվանենք «Մարկետոլոգների համայնք»: Բացի այդ, եթե մենք գործ ենք ունենում միջազգային հասարակության հետ կամ դուրս ենք գալիս միջազգային ասպարեզ, ապա հայերեն անվանումները դժվար արտասանելի կլինեն,- ասում է Սեդան»:
Մարո ՆԱԼԲԱՆԴՅԱՆ