Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտոյանը կարո՞ղ է դիմակայել ԱԱԾ-ի հին գայլերին. Կորյուն Նահապետյանի մեկնաբանությունը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2016 11:01

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը. երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի աղմկոտ նշանակմանը։

-ԱԱԾ-ն կարծրացած կառույց է, եւ երիտասարդ ղեկավարի մուտքն այնտեղ բարդ բան է: Առաջին միտքը, որ ծագում է, այն է, որ այնտեղ հին գայլեր են հավաքված, որոնք կարող են նրան հոշոտել։ Ձեր կարծիքով, Կուտոյանը կարո՞ղ է դիմակայել ԱԱԾ-ի հին գայլերին։

– Բնական է, որ նոր մարդը ցանկացած համակարգում միշտ չէ, որ անմիջապես ընկալվում կամ ընդունվում է, բայց պետք է վստահենք ՀՀ նախագահի  որոշմանը, որը գնահատել է տվյալ անձի կարողությունները։ Ես ունեմ այնպիսի զգացողություն, որ Գեորգի Կուտոյանը հաջողելու է այդ պաշտոնում։ Բնականաբար, կան նոր մարտահրավերներ, եւ նոր հնարավորություններ են բացվել ԱԱԾ նոր ղեկավարի նշանակման պարագայում։ Խոսքը ղեկավարման մեթոդների եւ նոր ոճի մասին է։ Իհարկե, լինելու են նաեւ դժվարություններ։ Հայտնել եմ նաեւ իմ պատրաստակամությունը աջակցելու՝ հաշվի առնելով մեր հանձնաժողովի պատասխանատվության ոլորտը, որը ներառում է նաեւ Ազգային անվտանգությունը։

– Աջակցություն ասելով՝ նկատի ունեք, որ դուք կարող եք օգնել կայանա՞լ այդ պաշտոնում։

– Ես կարծում եմ, այդպիսի օգնության կարիք չունի Գեորգի Կուտոյանը։ Կայացած անձ է, ունի պետական մտածողություն,  մասնագիտական բարձր գիտելիքներ, եւ այն կարեւոր խնդիրները, որ ՀՀ նախագահի կողմից դրվեցին ներկայացման ժամանակ, ես վստահ եմ, դրանք իրականացվելու են։

– Ասում եք, ունի «պետական մտածողություն», «բարձր գիտելիքներ»։ Այդ ամենը կարող է ունի, բայց, օրինակ, տուն չունի, ինչը հասարակական  լայն  քննարկման առարկա է դարձել։ Մենք գիտենք, որ կան նախագահի օգնականներ եւ խորհրդականներ, ովքեր միլիոնատեր են, իսկ ինքը նույնիսկ սեփական տուն եւ մեքենա չունի։

– Չէի ուզենա, որ համեմատություն անցկացվեր։ Յուրաքանչյուրը հայտարարագրում է այն, ինչ ունի։ Իհարկե, ուրախալի կլինի, եթե մարդը կարողանա իր ծառայության, իր գործունեության ընթացքում նաեւ կարողություններ ստեղծել։  Դրա մեջ պետք է ոչ թե վատ բան տեսնել, այլ ինչքան բարեկեցիկ լինեն մարդիկ, մենք, մեր մերձավորները, հասարակության բազմաթիվ անդամներ, դրանից պետք է միայն ուրախանալ։

Հիմա ինչ վերաբերվում է նրա ունեցվածքին, հայտարարագրել է այն, ինչ ունի։ Միայն ու միայն պետք է ուրախանալ, որ բանիմաց, առողջ, բանական մարդիկ նշանակվում են բարձր պաշտոններում։ Նրանք ոչ միայն իրենց համակարգերը ղեկավարելու հնարավորություն են ունենում, այլեւ դրական միջավայր են ձեւավորում իրենց շուրջը։ Եվ այդ միտումը կտարածվի բազմաթիվ այլ համակարգերում, որտեղ, ցավոք սրտի, կարող են լինել այնպիսի արատավոր դրսեւորումներ, ինչի մասին խոսեցինք մեր զրույցի ընթացքում։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29