Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդական պալատի ճարտարապետ. «նրանք թքած ունեն քաղաքի վրա». «Հրապարակ»

Փետրվար 19,2016 10:25

Երիտասարդական պալատը 2004 թվականին քանդեցին, իսկ տարածքը վաճառեցին մի ձեռնարկատիրոջ՝ մարտունեցի բիզնեսմեն Էդիկ Ավետիսյանին, որը Մոսկվայում մի շրջան աշխատելուց հետո հարստացել էր ճանապարհաշինական բիզնեսով ու եկել՝ այստեղ «մեծ- մեծ փրթում էր»՝ «կուկուռուզնիկ» էր առնում։ Նա խորհրդային երիտասարդության սիրելի վայրը հանք դարձրեց եւ այստեղից բազալտի խճաքար էր հանում, աղտոտելով քաղաքի միջավայրը, էկոլոգիան։ Հետո սնանկացավ ու գնաց Ռուսաստան՝ սուրբ տեղը դատարկ թողնելով։ «Ես չեմ աշխատել այդ տարիներին որեւէ պետական հիմնարկում,- ասաց Նարեկ Սարգսյանն այս առիթով,- բայց մամուլով հայտնել եմ իմ կարծիքը։ Երիտասարդական պալատի բարձրությունները ժամանակակից չափորոշիչներին չեն համապատասխանում, շատ ցածր են, եւ կար կոնստրուկտիվ պրոբլեմ շենքի շինարարական որակի հետ կապված։ Ես այն ժամանակ ասում էի՝ պետք չէ մրցույթներ հայտարարել, այլ պետք է կառուցապատողին տալ եւ պատվիրել, որ նույն շենքը կառուցի քանդելուց հետո, նույն նախագծով, պարզապես հարկեր ավելացնի ու պալատի բարձրությունը բերի՝ այսօրվա պահանջներին համապատասխանեցնի»։ Բայց անցկացվեց մրցույթ, որում շահել է ճապոնացի ճարտարապետ։ Նա ուզում էր 100-ից ավելի մետր բարձրության շինություն կառուցել, բայց ոչինչ էլ չկառուցեց։ «Լավ արեց»,- ասում է Նարեկ Սարգսյանը, բայց ինչ է լինելու «կրծած կուկուռուզի» հետ եւ, ամենակարեւորը՝ երբ է լինելու, նա չգիտի։

Զանգահարեցինք «կուկուռուզնիկի» հեղինակին՝ ճարտարապետ Հրաչ Պողոսյանին։ Նրա սիրտը մինչեւ հիմա ցավում է։ «Երիտասարդական պալատի քանդումը հանցագործություն էր, բայց ինչ եղել՝ եղել է։ Նարեկ Սարգսյանը ոչ մի կապ չունի։ Դրա պատասխանատուները քաղաքապետ Երվանդ Զախարյանն է եւ նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, որոնց վճռով է քանդվել պալատը»,- ասաց ճարտարապետը։ Բայց նա չի ընդունում իրավական խնդիրները, որոնք, իբր, առաջանում են սեփականատերերից նման օբյեկտները հետ վերցնելու գործընթացում։ «Դրանք պետության շենքերը չեն։ Դրանք ժողովրդինն են՝ Երիտասարդական պալատը, Մարզահամերգային համալիրը, «Զվարթնոցը»։ Մենք ենք կառուցել դրանք ժամանակին։ Եվ հետո, եթե ես որպես պետություն վաճառում եմ շինությունը, ինչու իրավունք չունեմ հետո տիրություն անել դրան։ Կառավարությունը, երբ որ մի շենք վաճառում է, պետք է մտածի, թե դրա ապագան ինչ է լինելու, եւ պայմանագրում գրի համապատասխան կետեր։ Բայց նրանք թքած ունեն քաղաքի վրա։ Այստեղից է սկսվում հանցագործությունը»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ցուցակում մոռացել եք նշելու նաև Հրազդան ստադիոնը, որը կառուցվել է ամբողջ ժաղովրդի ուժերով և այսօր հայտնվել է մի պատահական մարդու ձեռքում ու չի նպաստում ֆուտբոլի զարգացմանը: Ամոթ է բոլորիս, իսկ նման գործարքներ իրականացնողները պետք է պատասխան տան հետևանքների համար: Նշված երկու անձինք պետք է պատասխան տան իրենց ընդունած սխալ որոշումների համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29