Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էթիկա՝ տարբեր իմաստներով

Փետրվար 19,2016 10:00

Մեզանում պաշտոնյաների կամ պատգամավորների «էթիկա» հասկացությունն օգտագործվում է ոչ այն իմաստով, որով այդ նույն եզրը հասկանում են արտասահմանում: Ենթադրենք, Շմայսը կամ Թոխմախի Մհերը, իրենց ստացած կրթության եւ դաստիարակության շրջանակներում, իրենց թույլ են տալիս արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար գործածում են քյաբաբնոցներում «պերերիվ անելիս»: Մեզ մոտ դա դառնում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: Արեւմուտքում այդպես չէր լինի. եթե որեւէ պատգամավոր անսանձ է եւ չի կարողանում չափավորել լեզուն, հասարակությունը, մամուլը նրանց դարձնում է թիրախ, եւ նրանք հաջորդ անգամ չեն ընտրվում: Ոչ մի հանձնաժողովի նախատինք, ոչ մի կոմունիստական «ընկերական դատարան» նրանց պետք չէ: Հայաստանում մարդիկ ընտրվում են եւ նշանակվում են ի հեճուկս հասարակական կարծիքի, եւ դրա համար նրանցով «զբաղվում է» էթիկայի հանձնաժողովը:

Իրականում էթիկայի հանձնաժողովի խնդիրներն ավելի լուրջ են, դրանք այսպես կամ այնպես կապված են շահերի բախման եւ պետական պաշտոնյաների հասարակական վարքի հետ: Եթե պաշտոնյան, ենթադրենք, բարձր դիրք է զբաղեցնում հարկային մարմիններում եւ միաժամանակ զբաղվում է գործարարությամբ, դա ակնհայտորեն շահերի բախում է, որով պետք է զբաղվի համապատասխան հանձնաժողովը: Եթե նախարարն ունի երկու ծառայողական մեքենա, որոնք պետության հաշվին սպասարկում են իրեն (այդ թվում՝ ոչ աշխատանքային նպատակներով) եւ իր ընտանիքին, դա էթիկայի խախտում է: Եթե պաշտոնյան պետական միջոցներով տոմս է առնում եւ գնում Դուբայ՝ հանգստանալու, դա էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա է: Ազգային ժողովում խոշոր սեփականատերեր են (ենթադրենք, օրենքը չեն խախտում եւ բիզնեսով չեն զբաղվում). եթե նրանք առաջարկում են նախագծեր, որոնք կնպաստեն իրենց այդ սեփականության բազմապատկմանը, ապա դա էթիկական խնդիր է: Թե չէ՝ ինչ է Շուշան Պետրոսյանը գրել ֆեյսբուքում՝ դրանով ԱԺ հանձնաժողովը, կարծում եմ, չպիտի զբաղվի:

Եթե Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նիստերի մասին մենք գոնե ժամանակ առ ժամանակ լսում ենք, ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են, ըստ ամենայնի, «լատենտ» ռեժիմով: Պաշտոնյաներն ինչ-որ բաներ են հայտարարագրում, դա ընդունվում է ի գիտություն եւ, հավանաբար, պահվում է ինչ-որ տեղ արխիվում, որը գուցե երբեւէ կօգտագործվի: Երբեւէ չեմ լսել, որ որեւէ տեղեկատվություն ստուգվի, քննարկվի: Ասենք, պաշտոնյաների 5 միլիոն դոլարանոց դղյակի աղբյուրները բացահայտվեն: Եթե պարզապես տեղեկատվական բազա է, ապա ինչո՞ւ է կոչվում հանձնաժողով: Ի՞նչ է այն հանձն առնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Առաջընթացը կանգ է առնում ու հետադիմում է երկու դեպքում՝ ա երբ հաղթահարելու բան չկա եւ բ երբ խոչընդոտն բացարձակապես անհաղթահարելի է, նշանակում է, ինքնին բացասական երեւույթները չեն հետադիմության պատճառը, այլ դրանց հաղթահարելու լավ ուժերի անընդունակությունը: Եթե վատ ուժերը անօրինական, բայց արդյունավետ ընտրություններ են կազմակերպում ու իրենց մարդկանց նշանակում, արդյունքում հաղթողներին դատող չկա, դե եթե լավ ուժերն ի վիճակի չեն օրինական ու արդյունավետ ընտրություններ կազմակերպելու, թող գոնե վատ ուժերից սովորեն արդյունավետ՝ թեկուզ եւ անօրինական ձեւով իրենց լավ ուժերին նշանակեն, եթե հանուն ժողովրդի անօրինականության գնալ չեն ուզում, լավ է իրենց անընդունակությունն ու պարտությունը չգովազդեն ու սուս մնան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29