Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորական քաղաքական շուկա»

Փետրվար 19,2016 16:00

Այսպես է բնութագրում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում
ՄԻՊ-ի թեկնածության քննարկումները Էլեոնորա Ասատրյանը

– Տիկին Ասատրյան, «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջարկում է Ձեր թեկնածությունը: ԱԺ կանոնակարգով՝ թեկնածությունը պաշտոնապես պետք է ներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի որեւէ անդամ: Հանձնաժողովում ՄԻՊ-ի թեկնածուների շարքում Ձեր անունը չկար: Ինչո՞ւ: Դուք դիմե՞լ էիք հանձնաժողովի անդամներին, ի՞նչ արձագանք եղավ:

– «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրվելու համար իմ թեկնածությունն առաջադրել էր հրապարակային հայտարարություն տարածելու միջոցով, ինչպես նաեւ համապատասխան առաջարկն ուղղել էր ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացված խորհրդարանական խմբակցություններին: Միայն իրենց հայտնի պատճառներով խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը նախընտրեցին լռության մատնել եւ անտեսել քաղաքացիական հասարակության կողմից հանդես բերած նախաձեռնությունը: Ըստ էության, ՀՀ ՄԻՊ պաշտոնի համար թեկնածուների առաջադրման ընթացակարգին այնպիսի ձեւ է տրված, որի շնորհիվ, բացի վերը հիշատակված հանձնաժողովի անդամներից, էլ ոչ մեկը հնարավորություն չունենա այդ պաշտոնի հավակնորդ ներկայացնել ՀՀ ԱԺ քննարկմանը: Կարելի է ասել, որ այդ ընթացակարգը ոչ միայն անայլընտրանքային է, այլեւ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Փաստորեն, անայլընտրանքային է, քանի որ սահմանափակում է ԱԺ քննարկմանը ներկայացվող թեկնածուների թիվն ընդամենը մեկ անձով, եւ հենց նույն այդ պատճառով էլ նման մեխանիզմով ՄԻՊ «ընտրությունը» կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Հավանական եմ համարում, որ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կողմից արված առաջարկի անտեսումը կապված է եղել գործընթացի հենց այս առանձնահատկությունների հետ: Այդուհանդերձ, իրենց վարքագծի հետ կապված լիարժեք բացատրությունները կամ հիմնավորումները, թերեւս, պետք է տան հենց ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք, այսպես, թե այնպես, իրազեկված են եղել քաղաքացիական հասարակության՝ իմ թեկնածությունն առաջադրելու նախաձեռնության եւ իրենց կողմից այս հարցում ակնկալվող աջակցության անհրաժեշտության վերաբերյալ:

– Անցած որբաթ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում թեկնածությունների քննարկումն էր: Հետեւե՞լ եք:

– Քննարկումներին հետեւել եմ եւ անկեղծորեն հիասթափված եմ դրանց ընթացքում ծավալված բանավեճի ինչպես ձեւից, այնպես էլ բովանդակությունից: Ակնհայտ էր, որ քննարկումը ոչ այնքան առարկայական բանավեճ էր ՄԻՊ ընտրվելու հավակնություն ունեցող թեկնածուների՝ այդ պաշտոնի գործառույթներից բխող պահանջներին համապատասխանության շուրջ, որքան սովորական քաղաքական շուկա, որտեղ այս կամ այն քաղաքական ուժը փորձում էր համոզել այլոց նրանում, որ իրենց կողմից ներկայացվող թեկնածուն է ունակ լավագույնս պաշտպանել մարդու իրավունքները: Կար երկու հիմնական թեկնածու, որոնցից մեկը գործող իշխանության հովանավորյալն էր, իսկ մյուսն էլ՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության կարկառուն անդամներից մեկը: Մեր համոզմամբ՝ նրանք երկուսն էլ չէին համապատասխանում ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրվող անձին ներկայացվող պահանջներին: Նրանցից առաջինն իշխանությունների հետ սերտորեն փոխկապակցված անձնավորություն է՝ փոխնախարար, եւ այդ իսկ պատճառով չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել հասարակության եւ անձի իրավունքները բոլոր այն դեպքերում, երբ այդ իրավունքների ոտնահարման նախաձեռնողի դերում հանդես կգա ՀՀ գործադիր իշխանությունը: Իսկ երկրորդ թեկնածուն անթաքույց կերպով հակված է քաղաքականացնել ՄԻՊ պաշտոնը՝ այն օգտագործելով ընդդիմության քաղաքական նպատակներին հասնելու համար, ինչն անընդունելի է, քանի որ հակասում է այդ պաշտոնի նկատմամբ սահմանված՝ ապաքաղաքական լինելու պահանջին: Ցավում եմ, որ ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը վերածեցին իշխանություն-ընդդիմություն կանխատեսելի ելքով անպտուղ ու վնասակար քաղաքական քաշքշուկի:

– Ուշագրավ էր, որ այդ քննարկումներում ՄԻՊ-ի թեկնածուներից Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեցին` ինչո՞ւ քաղաքացիական հասարակության որեւէ ներկայացուցչի թեկնածություն ինքը չի առաջադրել, նա ասաց, որ հասարակական հատվածից ոչ ոք ցանկություն չի հայտնել ՄԻՊ դառնալու:

– Կարծում եմ, որ այսքանից հետո ակնհայտ է, որ իր այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում՝ մեր հայտարարությունը նախօրեին արդեն հրապարակված է եղել, իսկ առանձին գրություններով էլ առաջարկն ուղարկվել է ԱԺ խմբակցություններին: Միաժամանակ, հանուն արդարության պետք է նշեմ, որ մեր հայտարարություն-առաջարկը հատուկենտ լրատվամիջոցներ են համարձակվել հրապարակել՝ հայկական ԶԼՄ-ների բացարձակ մեծամասնությունը եւս լռության մատնեց «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի նախաձեռնությունը:

– Ի՞նչ կարծիքի եք ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածու Արման Թաթոյանի մասին, ով հանձնաժողովում ձայների մեծամասնություն ստացավ. պարզ է, որ լիագումար նիստում եւս ձայների մեծամասնություն կստանա: Իր բավական երիտասարդ տարիքի համար նա պատկառելի կենսագրություն է ներկայացրել: Ծանո՞թ եք իր կենսագրությանն ու գործունեությանը:

– Պարոն Թաթոյանի կենսագրությանը մամուլից ծանոթանալու հնարավորությունն ունեցել եմ եւ ստիպված եմ արձանագրել, որ մարդու իրավունքների գործնական պաշտպանության դրվագներ այն, կարծես, չի պարունակում՝ պարոն Թաթոյանին ոչ մի կերպ հնարավոր չէ իրավապաշտպան կոչել՝ հիմնվելով իր կենսագրական տվյալների վրա: Եթե չեմ սխալվում, տիկին Փոստանջյանի պնդման համաձայն, պարոն Թաթոյանը Եվրոպական դատարանում հանդես է եկել ընդդեմ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ իշխանությունների պաշտպանի դերում, իսկ դա արդեն իսկ ՄԻՊ պաշտոնում նրա կանխակալության լուրջ նախադրյալ կարելի է համարել:

Հարցազրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29