Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսեւորումները

Փետրվար 19,2016 15:00

(Միջազգային իրողությունների համառոտ վերլուծություն)

Հատկապես վերջին տասնամյակում միջազգային տարբեր կազմակերպություններ աննախադեպ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության երաշխավորման հիմնախնդրին: Ուշադրության են արժանի, մասնավորապես, իրավունքի գերակայության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594 (2007) բանաձեւը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2008թ. նոյեմբերի 21-ի CM (2008) 170 հանձնարարականը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 2011թ. ապրիլի 4-ի CDL-AD (2011) 003rev. զեկույցը, ՄԱԿ-ի` 2012թ. սեպտեմբերի 24-ին ընդունած «Իրավունքի գերակայության մասին» բանաձեւը եւ այլն:

Իրավունքի գերակայության հիմնախնդրին նվիրված վերջին տարիների համաեվրոպական քննարկումներից հատկանշական են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում անցկացված «Իրավունքի գերակայությունը որպես գործնական հայեցակարգ» (Լոնդոն, 2012թ. մարտի 2) եւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ ազգային իշխանությունների հայեցողության սահմանները» (Երեւան, 2013թ. հուլիսի 3-4) խորհրդաժողովները։

Միջազգային մի շարք կազմակերպություններ եւ առանձին ծրագրեր նույնպես լայն ընդգրկումով համալիր վերլուծություններ են հրապարակում ժողովրդավարական զարգացումների տարբեր դրսեւորումների, մարդու իրավունքների պաշտպանության եւ տարբեր երկրներում իրավունքի գերակայության երաշխավորման վիճակի վերաբերյալ: Հատկապես կցանկանայինք առանձնացնել ԱՄՆ «Ազատության տուն» կազմակերպության կողմից ներկայացվող տարեկան ամփոփումները (տե՛ս ) եւ Միջազգային արդարադատական ծրագրի շրջանակներում «Իրավունքի գերակայության ինդեքսի» վերաբերյալ հրապարակումները (տե՛ս The World Justice Project /worldjusticeproject.org/, Rule of Law index, 2010-2015):
Այդ բոլորին քաջատեղյակ լինելով` կարելի է անել երկու կարեւոր հետեւություն.

1. իրավունքի գերակայության երաշխավորման հիմնախնդիրն աննախադեպ հրատապություն է ստանում,

2. դրա ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը համարժեք չեն ներկա մարտահրավերներին, եւ վիճակը գնալով առավել մտահոգիչ է դառնում:
Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ աշխարհի շատ ու շատ երկրներում սահմանադրականության դեֆիցիտը դառնում է սոցիալական աղետների հիմնապատճառ, իսկ դրա հաղթահարումը` գերխնդիր (տե՛ս Գ. Գ. Հարությունյան. «Սահմանադրական մշտադիտարկում», Երեւան, 2016):

Իրավունքի գերակայության վիճակի գնահատման հարցում բոլոր հետազոտողների կողմից առանձնակի ուշադրություն է դարձվում հատկապես կոռուպցիային` որպես ժամանակակից սոցիալական ահագնացող հիվանդության:

Gagik_Harutyunyan_1

Մասնավորապես, իրավունքի գերակայության ինդեքսի գնահատման վերոնշյալ ծրագրի շրջանակներում հիմք են ընդունվում 535 տարբեր ցուցանիշներ, որոնք խմբավորվում են 8 տարբեր որակական խմբերում, եւ դրանցից մեկը կոռուպցիան է: Այս ծրագրի շրջանակներում կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 68 տարբեր ինդիկատորների օգնությամբ` հետեւյալ ենթախմբերի կտրվածքով.

1. որքանով պետական պաշտոնյաները գործադիր իշխանությունում իրենց լիազորությունները չեն օգտագործում անձնական շահի համար,
2. որքանով պետական պաշտոնյաները դատական իշխանությունում իրենց լիազորությունները չեն օգտագործում անձնական շահի համար,
3. որքանով պետական պաշտոնյաները բանակում եւ ոստիկանությունում իրենց լիազորությունները չեն օգտագործում անձնական շահի համար,
4. որքանով պետական պաշտոնյաներն օրենսդիր մարմնում իրենց լիազորությունները չեն օգտագործում անձնական շահի համար:

Նպատակ չունենալով քննարկման առարկա դարձնել ուսումնասիրության մեթոդիկան եւ ցուցանիշների ընտրության կարգը՝ ցանկանում ենք արձանագրել, որ հիշյալ երկու ծրագրերով ներկայացվող փաստական նյութը` հատկապես կոռուպցիոն երեւույթների գնահատման ու միտումների բացահայտման առումով, ընդգրկուն հետազոտությունների արդյունք են, ուստի համառոտ վերլուծությունը կներկայացնենք բացառապես բոլորին մատչելի այդ փաստական նյութի հիման վրա:

Ի՞նչ են վկայում «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի եւ ԱՄՆ «Ազատության տուն» կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարված դիտարկումները:

Նախ` ուշագրավ է, որ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ուսումնասիրման առարկա դարձած 102 երկրից միայն 17-ում է, որ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը 20 տոկոսից ցածր է, եւ միջին թիվը 13.5 տոկոս է: Ամենացածր կոռումպացված երկրների առաջին հնգյակում են Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան եւ Ֆինլանդիան:

Երկրորդ` թվով 14 երկրներում կոռուպցիայի միջին մակարդակը կազմում է 30.14 տոկոս: Այս խմբում է նաեւ ԱՄՆ-ը, որտեղ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը կազմում է 25 տոկոս: Ֆրանսիայում այն նույնպես 25 տոկոս է, Էստոնիայում` 22, Վրաստանում` 27, Պորտուգալիայում` 28, Իսպանիայում` 31, Չեխիայում` 34, Լեհաստանում` 35, Սլովենիայում` 40 տոկոս եւ այլն:

Երրորդ` երրորդ խումբ երկրներում, որոնք թվով 11-ն են, կոռուպցիայի միջին մակարդակը 46.37 տոկոս է: Այս խմբում են նաեւ Իտալիան (41տոկոս), Հունաստանը (46 տոկոս), Խորվաթիան (46 տոկոս), Ռումինիան (48 տոկոս), Չինաստանը (49 տոկոս) եւ այլն:
Չնայած այս ծրագրում Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ ներառված չեն, այսուամենայնիվ, «Ազատության տուն» կազմակերպության եւ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Չեխիայի եւ Հայաստանի վերաբերելի տվյալների համադրմամբ կատարված հաշվարկները վկայում են, որ Հայաստանը նույնպես կարող էր ընդգրկվել այս խմբում` մոտավորապես 46 տոկոս կոռուպցիայի մակարդակով, որը նույնպես մտահոգիչ թիվ է եւ համարժեք ներազդման քայլեր է պահանջում:

Չորրորդ` «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված 102 երկրներից 2015 թվականին 60-ում պետական իշխանության մարմինների կոռումպացվածության աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի: Ծրագրում ընդգրկված Արեւելյան Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից դրանց թվում են՝ Հունգարիան, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը, Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղըզստանը, Մոլդովան եւ այլն:
Այն փաստը, որ ուսումնասիրված երկրների 58 տոկոսից ավելիում կոռուպցիայի մակարդակը 50 եւ ավելի տոկոս է, վկայում է ահագնացող չափերի ու ընդգրկման հասնող մետաստազի մասին, որի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը համարժեք չեն վտանգի աստիճանին: Նման ցուցանիշը նաեւ սահմանադրականության լրջագույն դեֆիցիտի վկայություն է ու սոցիալական կատակլիզմների պատճառ:

Հինգերորդ` եթե փորձում ենք այդ ծրագրի տեղեկատվության շրջանակներում գնահատել վերջին երեք տարիների դինամիկան, ապա մի շարք երկրների համար այն ունի հետեւյալ պատկերը. ԱՄՆ-ում վերջին երեք տարում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է 3 տոկոսային կետով` 22-ից հասնելով 25 տոկոսի, Հունգարիայում այն բարձրացել է 22 տոկոսային կետով` 28-ից հասնելով 50 տոկոսի, Լեհաստանում բարձրացել է 17 տոկոսային կետով, Թուրքիայում` 6, Բուլղարիայում` 7, Մոլդովայում` 5 տոկոսային կետով եւ այլն:

Վեցերորդ` վիճակն ավելի վատթար է հասարակական տրանսֆորմացիա ապրող շատ երկրներում` հատկապես վերջին տասնամյակի տվյալներով: Նման պատկերի բացահայտման համար առավել լայն հնարավորություն է ընձեռում «Ազատության տուն» կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկատվությունը 2006-2015 թվականներին (տե՛ս Nations in Transit 2015, էջ 24): Ըստ այդ տվյալների՝ նշված տարիներին վերափոխվող հասարակական համակարգերում կոռուպցիայի գործակիցը, հետեւաբար` նաեւ դրա փաստացի մակարդակը, մասնավորապես.
ա/ աճ է գրանցել.
Բուլղարիայում՝ 13.3 տոկոսով, Հունգարիայում` 25.0, Լեհաստանում` 7.7, Սլովակիայում` 25.0, Սլովենիայում` 11.1, Ադրբեջանում` 8.0, Ռուսաստանի Դաշնությունում` 12.5, Ուկրաինայում` 4.3, Ուզբեկստանում` 3.8 տոկոսով,
բ/ իջել է.
Վրաստանում` 18.2 տոկոսով, Լատվիայում` 7.7, Լիտվայում` 12.5, Խորվաթիայում` 15.8, Մակեդոնիայում` 10.5, Չեռնոգորիայում` 4.8, Սերբիայում` 10.5, Հայաստանում` 8.7 տոկոսով:

Յոթերորդ` ըստ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի` նախկին ԽՍՀՄ պետություններից կոռուպցիայի առումով առավել վտանգավոր վիճակ է արձանագրվել Մոլդովայում, որտեղ այն գնահատվում է 72 տոկոս, Ղրղըզստանում` 70 տոկոս, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում` 64 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում եւ Ադրբեջանում` 56 տոկոս, Ղազախստանում` 55 տոկոս:

Երկրում սահմանադրականության վիճակի գնահատման տեսանկյունից բերված ընդհանուր պատկերը հասարակական օրգանիզմի իմունային անբավարարության վիճակի արտացոլանքն է եւ հաղթահարման համարժեք մոտեցումներ է պահանջում:
Չենք բացառում, որ շատերը թերահավատորեն կվերաբերեն հիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացվող ուսումնասիրությունների արդյունքներին: Մենք կարծում ենք, որ ընդհանրական պատկերն առկա իրավիճակին համարժեք է, իսկ խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե «ծուռ հայելուն» մեղադրելու տրամաբանությամբ, այլ յուրաքանչյուր երկրում իրավիճակի օբյեկտիվ ու բազմագործոն ախտորոշման ու համարժեք լուծումներ գտնելու ճանապարհով:

Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած հանձնաժողովի գործունեությունը կշարունակի անպտուղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նման համակողմանի ու բազմագործոն ախտորոշում արված չէ, ու դրանից բխող ծրագրանպատակային համարժեք քայլեր ձեռնարկված չեն:

Այս հարցում ձեւական մոտեցումը ոչինչ չանելուց առավել վտանգավոր է:

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29