Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ ոլորտում կներդրվի ծանուցումների էլեկտրոնային տարբերակ

Փետրվար 19,2016 14:30

«Առավոտի» հարցազրույցը Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ

– Պարոն Ավետիսյան, ԱՊՊԱ-ի ներդրման առաջին հինգ տարիների ընթացքում ի՞նչ հիմնական ձեռքբերումներ կարող եք նշել:

– Թերեւս կցանկանայի շատ կանգ չառնել ձեռքբերումների վրա եւ առավել անդրադառնալ մեր հանրությանը հուզող այն հարցերին, որոնց լուծումները կմեծացնեն ԱՊՊԱ համակարգից իրենց բավարարվածությունը: Այնուհանդերձ, փորձեմ հակիրճ ձեւակերպել արդյունքները. ԱՊՊԱ-ն այսօր կայացած եւ հանրային գիտակցության մեջ ձեւավորված համակարգ է, այն լուծել է իր առջեւ դրված սոցիալական խնդիրը: ԱՊՊԱ համակարգի ներդրման արդյունքում ձեւավորվել եւ զարգացել են ապահովագրության ոլորտի մի շարք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան պարտադիր ապահովագրության տարբեր համակարգերի միջոցով լուծել սոցիալական այլ խնդիրներ:

ԱՊՊԱ-ի ներդրման շնորհիվ ձեւավորվել է իրական վիճակագրություն ճանապարհատրանսպորտային պատահարների, վարորդների վարորդական պատմության, ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի՝ այս ոլորտում վարքագծի, տարբեր խմբերում գտնվող ավտոմեքենաների ռիսկայնության վերաբերյալ, ինչը բավարար հիմքեր է ստեղծում՝ կատարելու բարելավումներ եւ ճշգրտումներ այս ոլորտում, ստեղծվել է շուրջ 750 աշխատատեղ, ապահովագրական գործակալների թիվն ավելացել է ավելի քան 5000-ով:

– Պարոն Ավետիսյան, հիմնական ի՞նչ խնդիրներ եք տեսնում ԱՊՊԱ ոլորտում, եւ դրանց լուծման ուղղությամբ ներկայում ի՞նչ աշխատաքներ են տարվում:

– Ինչպես արդեն նշեցի, մենք այս պահին առավելապես կենտրոնացել ենք ԱՊՊԱ ոլորտի խնդիրների բացահայտման եւ դրանց կարգավորման ուղղությամբ համալիր միջոցառումների վրա, եւ 2016 թվականը մեզ համար, այսպես կոչված, սահմանել ենք ԱՊՊԱ ոլորտի զարգացման հաջորդ փուլի համար նախատեսված փաթեթային կարգավորումների իրականացման եւ նախաձեռնությունների տարի: Ոլորտում այս մասով մենք առանձնացրել ենք հետեւյալ խնդիրները՝ մեծացել են խցանումները երթեւեկության մեջ, ԱՊՊԱ համակարգում կիրառվող գործընթացների տեւողությունը եւ հարմարավետությունը դեռեւս գոհացնող մակարդակի վրա չեն, դեռեւս անհրաժեշտ մակարդակի չի հասել վնասների գնահատման եւ պատճառների փորձաքննության գործընթացներից հասարակական բավարարվածությունը:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ Բյուրոն ներկայում նախաձեռնել է մի շարք նախագծեր։ Այս պահին կցանկանայի առայժմ խոսել միայն արդեն հաստատված եւ շրջանառված նախագծերի մասին:

Նախնական սույն թվականի մարտի 1-ից (գործողության մեջ մտնելու ճշգրիտ ամսաթվի մասով լրացուցիչ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ) ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է ծանուցումների էլեկտրոնային տարբերակը, ինչը նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում էլեկտրոնային հասցեի լրացումը կդարձվի պարտադիր նախապայման, եւ ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների ու հատուցումների գործընթացի բոլոր ծանուցումները, որպես Ապահովադիր եւ տուժող, կիրականացվեն տվյալ էլեկտրոնային հասցեի միջոցով: Արդյունքում հնարավորություն կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր կողմերին արագ եւ պատշաճ ծանուցել՝ դրանով գործընթացի տեւողությունը կրճատելով 5-ից մինչեւ 10 օրով, մինչեւ 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման գործընթաց:

Նոր գործընթացը ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության եւ ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, դեպքի վայր ժամանման եւ գրանցման, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը եւ պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից: Հատուցման այս շեմի շրջանակներում ընկնող դեպքերն այս պահին կազմում են ընդհանուր պատահարների քանակի մոտ 20%-ը: ՀՀ կառավարության հաստատմանն է առաջարկվել նաեւ համաձայնեցված հայտարարագրի նոր ձեւը. այն դարձել է առավել մատչելի լրացման համար: Նոր համակարգի բարեհաջող գործարկման դեպքում նախատեսվում է վնասի շեմի որոշակի բարձրացում: Ինքնուրույն գրանցման գործընթացը որոշակիորեն կմեղմի խցանումների խնդիրը: Խցանումների խնդիրը, մեր կարծիքով, էապես կկարգավորի նաեւ մեր, Կենտրոնական բանկի եւ Ճանապարհային ոստիկանության համատեղ մեկ այլ կարեւոր նախաձեռնությունը, համաձայն որի՝ Ճանապարհային երթեւեկության բոլոր կարգավորումներն իրականացնելու եւ խցանումները կառավարելու համար բոլոր անհրաժեշտ գործառույթները (գործիքները) առաջարկվում է կենտրոնացնել միայն ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում: Միայն գույքային վնասների ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորության որոշման գործընթացը նախատեսվում է ոստիկանությունից տեղափոխել ԱՊՊԱ ոլորտ՝ ապահովագրական ընկերությունների եւ պատճառի փորձաքննություն իրականացնող փորձագետների իրավասության դաշտ: Փորձաքննություն կատարելու նպատակով միասնական եղանակով ՃՈ-ից կստացվեն պատահարի վերաբերյալ ելակետային տվյալները եւ պատահարների տեսաձայնագրությունների էլեկտրոնային տարբերակները՝ առկայության դեպքում: Հարկ եմ համարում առանձնացնել նաեւ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի եւ սակագների հաշվարկման համակարգի պարզեցմանն եւ կատարելագործմանը վերաբերող փաթեթը: ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը ենթադրում է հնարավորությունների ստեղծում, որպեսզի ապահովագրական ընկերությունները կարողանան առցանց, վճարահաշվարկային համակարգերի միջոցով, այդ թվում՝ վճարային ցանկացած տերմինալների եւ բջջային հավելվածների միջոցով իրենց հաճախորդներին առաջարկել կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ կատարել վճարումներ՝ առանց ապահովագրական ընկերություն այցելելու: Սակագների հաշվարկման՝ ներառյալ բոնուս-մալուս համակարգի պարզեցման եւ կատարելագործման գործընթացի ներդրմամբ նախատեսվում է անցում կատարել առավել պարզ՝ միայն Ապահովադիրների (ավտոմեքենաների սեփականատերերի) պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգին, ինչը թույլ կտա Ապահովադիրներին ինքնուրույն կառավարել իրենց ռիսկերը եւ ցանկացած վարորդի հանձնել վարման՝ առանց ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու եւ ԱՊՊԱ պայմանագրում որեւէ փոփոխություն կատարելու: Նախատեսվող կարգավորումների արդյունքում հատուցումների գործընթացը գրեթե երեք անգամ կկրճատվի։

– Պարբերաբար հնչում են կարծիքներ, որ վճարվող ապահովագրական հատուցումները չեն բավարարում իրական վնասի չափը վերականգնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Տուժողները նման դեպքերում կարող են ընտրել ավտոմեքենայի վերանորոգման տարբերակը եւ Բյուրոյի կողմից գրանցված եւ ապահովագրական ընկերության հետ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների ցանկից ընտրել որեւէ կազմակերպություն եւ պահանջել մեքենայի վերանորոգում կատարել: Բացի դրանից, տուժողները իրենց պատճառված վնասի հետ անհամաձայնությունները կարող են բողոքարկել Բյուրոյում՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջոցով: Հուսով ենք, որ ապագա մեր կարգավորումների արդյունքում նման բողոքները նույնպես էապես կնվազեն:

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29