Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արժութային շուկայի կայունության վերաբերյալ

Փետրվար 19,2016 12:30

Սկիզբը

Արժույթի փոխարժեքի վրա ազդող գործոնների մի մասն ածանցվում է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից, եւ ակնհայտ է, որ ԿԲ-ն չի կարող ուղղակիորեն ազդել հիմնարար գործոններով պայմանավորված զարգացումների վրա, թեեւ բնական է, որ նա հարթում է տարաբնույթ սպասումների արդյունքում ձեւավորված փոխարժեքի տատանողականությունը: Փաստենք, որ շուկայական տնտեսության զարգացմանը նպաստող առավել բարենպաստ լողացող փոխարժեքի քաղաքականության պարագայում արժութային շուկայում ցանկացած հիմնարար ճնշում արտահայտվում է փոխարժեքի վարքագծում: Այն առավել ակնհայտ դրսեւորվել է 2014 թ. նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2015 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Առաջին դեպքում տնտեսական փոփոխականներն անհրաժեշտաբար հանգեցրել են դրամի փոխարժեքի ճշգրտմանը, եւ թեեւ հետագայում անհարկի սպասումները որոշակիորեն ապակայունացրել են արժութային շուկան, ի վերջո ԿԲ-ի գործողությունները կայունացրել են իրավիճակը, եւ փոխարժեքը ձեւավորվել է հիմնավորված մակարդակում:

Ակնհայտ է, որ փոխարժեքի նման կտրուկ տատանումների դեպքում անհրաժեշտ էր որոշակի դադար իրավիճակը վերլուծելու եւ գնահատելու համար, ինչպես նաեւ մշակելու կայունացման համալիր միջոցառումների այնպիսի ծրագիր, որի հիմքում դրված պետք է լինեին արագ արձագանքման մեխանիզմներ` չխաթարելով շուկայական հարաբերությունների հիմնարար մեխանիզմները: Երկրորդ դեպքում, երբ տարածաշրջանային տատանողականության պայմաններում ՀՀ արժութային շուկայում ձեւավորվել են արժեզրկման սպասումներ, ԿԲ-ն հարթել է իրավիճակը եւ ապահովել կայունություն այն բանի շնորհիվ, որ փոխարժեքի ճշգրտման համար որեւէ էական ճնշում առկա չէր: Ներկայումս տարածաշրջանում կրկին փոխարժեքների որոշակի տատանողականություն է դիտվում, սակայն արժութային շուկայի դեռեւս ուժեղ հիմնարարները որեւէ հիմք չեն տալիս փոխարժեքի էական ճշգրտման համար: ՀՀ արժութային շուկայում շարունակում են գերակայել նախորդ տարվանից փոխանցվող որոշակի ազդակներ, որոնք հիմնականում պայմանավորված են հետեւյալ գործոններով.
l Մի կողմից՝ ՀՀ արտահանման դրական զարգացումները՝ պայմանավորված հանքագործական, տեքստիլ արդյունաբերության ու գյուղատնտեսական արտադրանքով, մյուս կողմից՝ ցածր պահանջարկի պայմաններում ներմուծման կրճատումը հանգեցրել են 2015 թ. ՀՀ արժութային շուկայում արտարժույթի հարաբերական առաջարկի ավելացման կամ պահանջարկի թուլացման վարքագծի դրսեւորմանը:

l Չնայած վիճակագրությամբ արձանագրված ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների դոլարային արտահայտությամբ ավելի քան 30%-ով կրճատմանը, ինչը հիմնականում արտացոլում է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու եւ եվրոյի արժեզրկման փաստը, այս արժույթներով արտահայտված փոխանցումների ծավալները 2015 թ. ավելացել են համապատասխանաբար 6.8%-ով եւ 5.1%-ով: Հատկանշական է, որ ներկայումս այդ երկու արժույթներով են արտահայտվում ՀՀ ներհոսող ոչ առեւտրային բնույթի փոխանցումների 70%-ը: Բացի դրանից, ՀՀ դրամի արժեզրկման պայմաններում ոչ առեւտրային փոխանցումների նվազումը դրամային արտահայտությամբ 2015 թ. կազմել է ընդամենը 20%: Պետք է ավելացնել նաեւ այն փաստը, որ դոլարային արտահայտությամբ ռուսական ապրանքների գների արձանագրված էական նվազման պարագայում ՀՀ քաղաքացիների համար առավել ձեռնտու տարբերակ կարող էր լինել ապրանքային, եւ ոչ թե կանխիկ արտահայտությամբ միջոցների փոխանցումը կամ ներկրումը: Սա փաստում է, որ ՀՀ արժութային շուկայում այս կերպ ձեւավորվող արտարժույթի առաջարկն էականորեն չի կրճատվել, իսկ տարեվերջին` դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ 3.3%-ով ավելի ներհոսք է ապահովվել:

l ՀՀ արժույթի փոխարժեքի ներկա մակարդակի ձեւավորման մյուս գործոնը օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որոնք 2015 թ. արձանագրել են աճ: 2015 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 17.5%-ով` հիմնականում Շվեյցարիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ինչպես նաեւ Ֆրանսիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողների հաշվին, մինչդեռ Ռուսաստանից ներդրումները զգալիորեն կրճատվել են:

Արդյունքում, շուկայում արտարժույթի կայուն առաջարկի ձեւավորումը, ինչպես նաեւ վերջին տարիներին իրականացված արդյունավետ դրամավարկային քաղաքականությունն ու ցածր գնաճի մակարդակի ապահովումը ստեղծել են հիմնարար միջավայր ՀՀ արժութային շուկայի կայունության համար, չնայած տարածաշրջանում տատանողականության կտրուկ ավելացմանը եւ դրանից ածանցվող արժեզրկման սպասումների տարածմանը: Միաժամանակ փաստենք, որ ԿԲ գործողությունները նպաստել են փոխարժեքի հիմնավոր սպասումների ձեւավորմանը, եւ, որպես արդյունք, հասարակությունն անհարկի խուճապով չպետք է արձագանքի տարածաշրջանային զարգացումներին, ինչը կարեւոր նախապայման է շուկայի կայունության համար:

ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29