Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանուկ Նիգոյանի Արվեստների միությունն այլեւս չկա

Փետրվար 19,2016 13:00

Այն հիմնադրամ է դարձել

Վերջերս շրջանառվող այն լուրը, թե շուրջ 3 տարի գործունեություն ծավալած Արվեստների միությունը լուծարվել է, մասամբ է համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ միության կողմից իրականացրած որոշ միջոցառումներ ու նախագծեր իսկապես հավանության էին արժանացել արվեստագետների եւ արվեստասերների կողմից, օրինակ՝ երեք փուլով կայացած «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակներում քաղաքական գործիչներ, արտիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ խորհուրդ էին տալիս ընթերցել համաշխարհային գրականության լավագույն նմուշների հայերեն թարգմանությունները: Նախագծին մասնակցում էին Անահիտ Բախշյանը, Արմեն Աշոտյանը, Ստեփան Սաֆարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Ավետ Բարսեղյանը, Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Արզոյանը, Արամ MP3-ն եւ մյուսները: Միությունն իրականացրել է նաեւ Զանգակատուն գյուղում Պարույր Սեւակի տուն-թանգարանի նոր մասնաշենքի բացումը՝ մշակույթի նախարարության առաջարկով, երեք տարի անընդմեջ անցկացրել սեւակյան պոեզիայի հանրապետական փառատոն եւ այլն:

nigoyan-2
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ միության նախագահ Մանուկ Նիգոյանը հաստատեց մեզ հասած լուրը: Հիշեցրեց միության աջակցությամբ կայացած այլ միջոցառումներ եւս, այդ թվում՝ Տիգրան Հակոբյանի ծաղրանկարների ցուցահանդեսը, «Դետք» խմբի երեք տեսահոլովակներին իրենց աջակցության մասին: Հետո էլ պարզաբանեց, թե Արվեստների միությունը վերջերս վերանվանվել է Հայաստանի մշակույթի հիմնադրամ, որի աշխատանքները դարձյալ տնօրինում է ինքը: «Միություն եզրույթը վաղուց միջազգային շրջանակներում չի օգտագործվում, միայն խորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում է գործում այդ անունը: Ինչ վերաբերում է հիմնադրամին, կառույցը՝ որպես այդպիսին, ենթադրում է աջակցություն եւ համագործակցություն: Հիմնադրամի առաջին միջոցառումը փետրվարի 20-ին է, Loft ինքնազարգացման կենտրոնում կանցկացնենք վարպետաց դաս, ինքս էլ կներկայացնեմ հայաստանյան ամենահայտնի գովազդային նախագծերից մեկը՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները»:

nigoyan-3

Կպատմեմ՝ ինչպես Հայաստանում ստեղծել, կազմակերպել եւ իրացնել մշակութային գովազդային նախագծեր: Ի դեպ, մենք ժամանակին մասնակցեցինք միջազգային կոմունիկացիոն բիենալեի կազմակերպմանը, որի ընթացքում հյուրընկալվել էին գովազդի առաջատար մասնագետներ 50 երկրից»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ այս պահին հիմնադրամն աշխատում է «Երեւանը ողջ է» նախագծի վրա, որի շրջանակներում տեղի կունենա երեւանյան հին շենքերի ֆասադների գծանկարների մրցույթ-ցուցահանդես: Միաժամանակ աշխատանքներ են տարվում կյանքի կոչելու «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 4-րդ փուլը՝ մարզաշխարհի հայտնի դեմքերի մասնակցությամբ:

nigoyan-1
Հետաքրքրվեցինք՝ արդյոք առանց արգելքների՞ է ստացվում շփումը հայտնի մարդկանց հետ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մինչ լսարանի հետ հանդիպումը կարդացա՞ծ են լինում տվյալ գիրքը: «Պարտադիր կարդում են, որովհետեւ ընթերցողների հետ հանդիպման ժամանակ անպայման տեղի է ունենում քննարկում: Տարբեր ոլորտների ճանաչված դեմքերը մշտապես սիրով են ընդունել մեր առաջարկը, բայց նախապատրաստական փուլում, մանավանդ որոշ քաղաքական գործիչների սպասել ենք օրեր, շաբաթներ, քանի որ զբաղված են եղել… Պատահել է, երբ զանգել եմ անգամ քաղաքական գործչի տիկնոջը, խնդրել, թե որ ժամն ուզում է լինի՝ ամուսինն արձագանքի ինձ: Դեռեւս մերժում չեմ ստացել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29