Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տանձատափում մնացել է 4 ուսուցիչ եւ 10 աշակերտ

Փետրվար 19,2016 12:00

Սյունիքի մարզի Տանձատափ գյուղը մեկն է այն համայնքներից, որոնք համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում միանալով՝ կազմում են Տաթեւ բազմաբնակավայր համայնքը: Տանձատափը 8 համայնքներից բնակչության թվաքանակով զիջում է միայն Քաշունիին, որտեղ, սյունեցիների խոսքերով, փաստացի բնակվում է 3 բնակիչ՝ գյուղապետը եւ մի ծեր ամուսնական զույգ: Տանձատափում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է 69 անձ, սակայն տեղացիների խոսքերով՝ փաստացի բնակիչների թիվը հասնում է 40-ի, որոնցից միայն 10-ն են դպրոցական, եւ մեկն էլ նախադպրոցական տարիքի է: Գյուղի միակ դպրոցում դասավանդում է 4 ուսուցիչ, ներառյալ՝ տնօրենը: Վերժինե Հարությունյանը մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցչուհի է, դասավանդել է Կապանում, այնուհետեւ 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել է Տանձատափ, որտեղ, բացի ֆիզիկայից, դասավանդում է կենսաբանություն, քիմիա եւ պատմություն, նաեւ կես դրույքով գրադարանավար է աշխատում:

Տարիներ առաջ դպրոցի տնօրենը տիկին Վերժինեի ամուսինն էր, սակայն թոշակի անցնելուց հետո նրան փոխարինել է որդին: «Հիմնականում երկկոմպլեկտ դասարաններ են՝ 7-8-9, 6-4, 2-3: Ոչինչ, դժվարություններ կան, բայց հաղթահարում ենք, ուղղակի վատն այն է, որ շաբաթական 30-36 ժամ եմ պարապում, բայց մի քանի ժամվա վարձատրություն եմ ստանում: Դրան էլ ավելացրած այս պայմանները. մինչեւ հասնում ենք դպրոց, չգիտեմ, թե ինչքան ժամանակ է գնում, պետք է կրկնակոշիկներ հագնենք: Բայց լավ դպրոց ունենք, լավ հարմարություններով, վերանորոգված, շատ գեղեցիկ, լավ աշակերտներ ունենք, գրեթե բոլոր աշակերտները հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվում են Կապան եւ բոլորը բարձրագույն ուսումնական հաստատություններում են սովորում»,- ասաց Վերժինե Հարությունյանը:

Tandzatap_1

Տիկին Հարությունյանը հիշում է, որ Տանձատափի դպրոցում միշտ չէ այս վիճակը եղել. «Ես, որ տեղափոխվել եմ, միջնակարգ դպրոց էր: Հետպատերազմական գործողություններ էին հայ-ադրբեջանական, եւ ինչքան շրջակա քաղաքներում երեխա կար, տեղափոխվել էին այս դպրոց: Դպրոցը բազմաթիվ երեխաներով ապահովված էր, բոլոր դասարանները կային, կային բազմաթիվ ուսուցիչներ տարբեր առարկաների: Ինչ-ինչ պատճառներով՝ ավարտեցին, տեղափոխվեցին, գյուղում, կարելի է ասել, աճ չկա, ստիպված դպրոցը դարձավ հիմնական դպրոց»:

Tandzatap_3

Վերժինե Հարությունյանի ամուսինը՝ Տանձատափի դպրոցի նախկին տնօրենը:

Չնայած, որ դպրոցն ունի ընդամենը 4 ուսուցիչ, Վերժինե Հարությունյանը վստահ է, որ իրենք որակյալ կրթություն են ապահովում. «Մաթեմատիկայի մասնագետ ունենք, դասվար ունենք, լեզու-գրականություն ունենք, դե մյուս առարկաներն էլ ստիպված իմ ուսերին են: 2-3 ժամի համար ո՞ր ուսուցիչը կգա այս խուլ գյուղ: Բայց երեխաները վատ չեն, ինչքան հնարավոր է՝ ինձ վրա աշխատում եմ»: Այս տարի դպրոցն ավարտելու է Վերժինե Հարությունյանի թոռնիկը, եւ ստիպված նա իր թոռանն էլ է ուղարկելու Կապան՝ ուսումը շարունակելու. «Հաջորդ տարի թոռնուհիս էլ է գնալու, եւ այդպես շարունակ: Երեխաները գնում են, ստիպված ծնողներն էլ են գնում»: Սվետլանա Տիգրանյանը 6-րդ դասարանում սովորում է իր բարեկամուհու հետ, 4-րդ դասարանցի եղբոր եւ նրա համադասարանցու հետ. «Դասի ընթացքում ուսուցչուհին մեզ հետ պարապում է, հետո հանձնարարություն է տալիս, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք, ինքն այդ ժամանակահատվածում 4-րդ դասարանի հետ է պարապում»:
Ինչպես դպրոցի մյուս շրջանավարտները, այնպես էլ Սվետլանան ծրագրում է դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Կապանի ավագ դպրոց եւ այնուհետեւ ընդունվել համալսարան եւ մասնագիտանալ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է՝ համալսարանն ավարտելուց հետո վերադառնա Տանձատափ եւ աշխատի հարազատ գյուղում. «Չէ՛, ես, որ ավարտեմ, այստեղ էլ աշակերտ չի լինի»:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29