Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծուց ի՞նչ էր խնդրել փոքրիկը

Փետրվար 19,2016 11:30

Հավատացյալի կյանքում աղոթքը մեծ նշանակություն ունի: Այն հավատքի կարեւորագույն մասերից է, որը յուրաքանչյուր կրոնի անբաժան մասն է: Հավատացյալ մարդը ոչ միայն պետք է պատվիրանները պահի, այլեւ` Աստծո հետ կապը պահի աղոթքով:

Աղոթքի նշանակությունը մեր հոգեւոր հայրերը մեկնաբանում են` Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքն, որպես Աստծո հետ հաղորդակցության ձեւ,  ունի իր միջոցը, որ է` Սուրբ Հոգին: Քրիստոնեության հավատի համաձայն, Սուրբ Հոգին օգնականն է աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես եւ Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետեւ մենք աղոթում ենք…» (Հռոմ. 8.26):

Մարդիկ տարբեր խնդրանքներով դիմում են Աստծուն, որոնց մեջ հիմնականում գերակշռուն են խնդրանքները` առողջություն, պաշտոն եւ այլ նյութական բաներ, քանի որ մտածում են, որ երջանկությունը նյութական բաների մեջ է եւ դրանց բացակայությունն է իրենց «դժբախտության» պատճառը:

«Շատերը կվկայեն, որ իրենց ոչ բոլոր աղոթք-խնդրանքներն են կատարվել, կամ եղել են որոշներն էլ, որոնք բավական ուշ են կատարվել: Պատճառն այն է, որ Աստված լինելով սիրող Հայր` մեզ տալիս է այն ամենը, ինչը մեզ օգտակար կլինի եւ չի վնասի»,- «Առավոտի» լրագրողի հետ զրույցում ասաց Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վազգեն Հովհաննիսյանը: Հոգեւոր հայրը նաեւ մեջբերեց մի այսպիսի առակ. «Մի այսպիսի առակ կա` մի անգամ ձմռանը` Ամանորին ձյուն չէր տեղացել եւ ամբողջ գյուղի մարդիկ հավաքվում են եւ որոշում են միասին առ Աստված աղոթեն եւ խնդրեն, որ ձյուն գա: Արդեն մի քանի օր շարունակ նրանք հավաքված գյուղի եկեղեցում աղոթում են, բայց այդպես էլ ձյուն չեր գալիս: Այդ ժամանակ մի փոքրիկ երեխա ուրախ-ուրախ մտնում է եկեղեցի: Աղոթքի կանգնած մարդիկ փոքրիկին հարցնում են, թե ինչո՞ւ ես այդքան ուրախ, երբ մոտենում են տոները, իսկ ձյուն այդպես էլ չեկավ: Երեխան պատասխանում է, որ ուրախ է, քանի որ Աստված լսել է իր աղոթքը. նա տաք կոշիկ չուներ եւ Աստծուց խնդրել էր, որ այս տարի ձյուն չգա եւ ոտքերը չսառչեն: Այո, մեր աղոթքները երբեմն չեն կատարվում, որ մեր կողքիններին, երբեմն նաեւ մեզ, չվնասի, քանի որ միշտ չէ, որ մեզ համար օգտակար բաներ ենք խնդրում»:

axotq8.-2

Ըստ հոգեւոր հոր` պետք է միշտ հիշել, որ պատահական չէ, որ Քրիստոս «Տերունական աղոթք»-ը սովորեցնելիս շեշտեց` թող քո կամքը լինի եւ մենք եւս պետք է այդ սկզբունքով շարժվենք: «Բայց ամենակարեւոր պայմանը` ողորմածությունը, որ մենք եւս պետք է այդպիսին լինենք մարդկանց նկատմամբ, սա շատ լավ երեւում է «Հայր մեր»-ի մեջ` ներիր մեզ, ինչպես եւ մենք ենք ներում նրանց, ովքեր հանցանք են գործում մեր դեմ: Այս նույն սկզբունքով էլ մենք պետք է ողորմություն անենք կարիքավորներին, հիվանդներին, որբերին ու այրիներին, միայնակ տատիկ-պապիկներին, այն մարդկանց, որոնք մեր օգնության կարիքն են զգում: Հակառակ պարագայում ստացվում է, որ մենք անընդհատ պահանջում ենք` ոչինչ չտալով»,- ասաց տեր Վազգեն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ մեր աղոթքի մեջ Աստված պետք է տեսնի մեր կատարյալ նվիրումը եւ վստահությունն առ Նա:

Ըստ Գրիգոր Տաթեւացու, աղոթքի սրբությունները երեքն են` սրտի, լեզվի եւ ձեռքերի, քանի որ աղոթքը դրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն` ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից: Լեզվի սրբությունը բացատրվում է նրանով, որ պետք է Աստծուն աղոթել` զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից: Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների եւ Աստծո հանդեպ է:

Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից եւ չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգեւոր կենտրոն եւ Սուրբ Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ):

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29