Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՆԱՆԵԽ

Փետրվար 19,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քսաներորդ

ՄԱՆԱՆԵԽ

Եվ ես հիացած նայեցի Վարուժի ստորագրությանն ու ոգեւորված ասացի՝ «ես թռա խանութ», եւ երբ լիֆտով իջա ու ջրի հերթի մոտով անցնում էի, տեսա, որ «Շիրակի մեղեդիների» քավոր Ալբերտ Սարգսյանը շարունակում էր ինչ-որ  ցուցումներ տալ ջրի հերթ կանգնածներին, եւ էդ պահին քամին եւս մի անգամ քավորի ճաղատը բացեց, եւ քավորը եւս մի անգամ ձեռքի սովոր ու վարժ շարժումով մազերը  տեղը բերեց, եւ, հիշում եմ, էդ պահին իմ ու քավորի հայացքներն իրար հանդիպեցին, եւ ես ժպտալով բարեւեցի իրեն, եւ քավորը սիրալիր ժպտալով բարեւս առավ, եւ իր հայացքի մեջ մոտավորապես գրված էր, որ ահա անծանոթ մեկն իր երգիչ լինելը գիտի ու իրեն ճանաչեց, եւ իրեն բարեւելս անկախ ինձանից ու ինքնաբերաբար ստացվեց, եւ իրեն այլ բան չէր մնում՝ բարեւս առնելուց բացի, եւ երբ  սիրալիր ժպտալով բարեւս առավ, քամին եւս մի անգամ իր ստորությունն արեց, եւ մինչ քավորն իր ձեռքի վարժ ու հազար անգամ փորձված շարժումով մազերը տեղն էր բերում, ես շարունակեցի ճանապարհս եւ երբ մտա խանութ, խանութի տերն էլ ինձ սիրալիր ու ժպտադեմ բարեւեց՝ ոչ միայն էն պատճառով, որ Վարուժի հետ մի քանի անգամ իր խանութից առեւտուր էի արել, այլեւ էն պատճառով, որ ինքը Սովետի օրոք Սպանդարյանի ժողկրթբաժնում էր աշխատել եւ բանաստեղծ լինելս շատ լավ գիտեր, եւ մանկական բանաստեղծություններիցս մեկը, որ Սովետի օրոք դպրոցական դասագրքում էր զետեղված,  շատ լավ հիշում էր եւ առաջին քառատողն էլ մի անգամ անգիր արտասանեց, եւ հիմա իր անունը չհիշելս իմ կողմից ուղղակի անշնորհքություն է, եւ երբ ներս մտա, ինքն ինձ ջերմորեն  ընդունեց ու անձամբ սպասարկեց, որովհետեւ հերթ էր, ու մինչեւ հերթս հասներ՝ ահագին ժամանակ կանցներ, եւ ես համաձայնվեցի, որ նկուղային  էդ խանութի տերն անձամբ ու անհերթ սպասարկի ինձ, որովհետեւ շատ էի շտապում՝ Վարուժի էդ արտասովոր նկարն ինձնով անելու, եւ երբ խանութի տերն ինձ սպասարկեց պրծավ, եւ երբ փողն իրեն մեկնեցի, ինքը փողը վերցնելով ու ժպտալով ասաց՝ «ենթադրում եմ, որ Վարուժանի մոտ եք բարձրանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «այո», եւ ինքը երկու տոպրակներն ինձ տալով ասաց՝ «մեկ րոպե սպասեք» եւ ինչ-որ մի պստիկ տուփիկ սառնարանից հանելով ու սարդելկաների տոպրակիս մեջ գցելով՝  ժպտաց ու ասաց՝ «եթե Վարուժանի մոտ եք բարձրանում, սա պարտադիր է», եւ ես հարցրի՝ «էդ ի՞նչ էր», եւ խանութպանը պատասխանեց ու ասաց՝ «մանանեխ» եւ ժպտալով ավելացրեց՝ «գրական հայերենով ասած՝ գարչիցա» եւ ես հարցրի՝ «գարչիցայի համար ի՞նչ պիտի վճարեմ», եւ ինքը  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մանանեխն իմ հաշվին է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե ճիշտը կուզեք իմանալ, կոպտերշիկների ու գարեջրերի փողն էլ չպիտի վերցնեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «կոպտերշիկը սարդելկա՞ն է», եւ ինքը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ ճիշտ կռահեցիք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անձամբ իմ հորինած բառն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծը դուք եք, բայց ձեր փոխարեն նվաստս է  լեզվական նորաբանություններով զբաղվում», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հաջող բառ է», եւ խանութպանը ժպտալով ասաց՝ «Վարուժանն էլ է էդ կարծիքին» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե այն  բարակները նրբերշիկ ենք անվանում, այս հաստերն էլ պիտի կոպտերշիկ անվանենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «տրամաբանական չէ՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «միանգամայն», եւ խանութպանը նորից ասաց՝ «կոպտերշիկների  ու գարեջրերի փողն էլ չպիտի վերցնեի», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞ւ չպիտի վերցնեիք», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ առաջին անգամ եք իմ խանութ այցելում», եւ ես ժպտալով ասացի՝ «էլի եմ այցելել», եւ խանութպանն ասաց՝ «այլ անգամներ Վարուժանի հետ եք այցելել, բայց այսօր առաջին անգամն եք  անձամբ ու ինքնուրույն  համենում», եւ ես ժպտալով ասացի՝ «վերաբերմունքի համար շատ շնորհակալ եմ» եւ ժպտալով  ավելացրի՝ «գարչիցայի համար էլ եմ շնորհակալ», եւ խանութպանը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «մանանեխի», եւ ես ժպտալով ասացի՝ «մանանեխի», եւ խանութպանը, ում անունն անարդարացիորեն մոռացել եմ, սիրալիր ժպտալով ինձ ասաց՝ «շատ հաճելի էր անձամբ առնչվել ձեզ հետ» եւ սիրալիր ժպտալով ավելացրեց՝ «նորեն համեցեք», եւ ես զգացվելով՝ նորից շնորհակալություն հայտնեցի ու հաջողություն մաղթեցի:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29