Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսանքի թանկացման ցույցերի վերաբերյալ ոստիկանության ներկայացրած տեսանյութերն հենց իրենց դեմ են խոսում»

Փետրվար 18,2016 23:17

Ոստիկանությունը «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական հայց է ներկայացրել «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Էռնեստ Ավանեսովի դեմ: Հայցում ոստիկանությունը պնդում է, թե նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած ակցիայի ընթացքում Ավանեսովը չի կատարել ոստիկանների օրինական պահանջը: Ոստիկանությունը պահանջում է 50.000 դրամով տուգանել Էռնեստ Ավանեսովին:

Ակտիվիստի փաստաբան Հայարփի Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմն հակընդդեմ հայց է ներկայացրել. «Պահանջում ենք ոստիկանության տվյալ օրվա գործողություններն ոչ իրավաչափ ճանաչել: Նախնական դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ես Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել ու խնդրել էի այդ օրվա արձանագրությունը: Բացի այդ՝  ոստիկանությունը նշել է, որ հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումն ինքն ուշ էր ստացել եւ չէր կարողացել պատասխան ներկայացնել»:

Այսօր տեղի է ունեցել երկրորդ նախնական նիստը, որի ընթացքում Հայարփի Սարգսյանը ներկայացրել է իր առարկությունը. «Ոստիկանությունը պատասխան է ներկայացրել հակընդդեմ հայցին եւ մի շարք անհավանական փաստեր է նշել: Ոստիկանությունն իր դիրքորոշմամբ, իր պատասխանում նշել է, որ իբր ես իմ հակընդդեմ հայցում փաստեր եմ բերել, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ես իմ հայցում նշել եմ, որ հավաքը խաղաղ է եղել եւ ֆիզիկական ուժի գործադրմամբ իմ վստահորդին բաժին են տարել, ինչի կարիքը չկար»:

Ոստիկանությունն իր պատասխանում գրել է, թե չեն հերքում, որ բողոքի ակցիա է տեղի ունեցել, չեն հերքում նաեւ այն փաստը, որ ակցիան խաղաղ է եղել. «Նրանք նաեւ նշել են, որ Էռնեստ Ավանեսյանին ուժի գործադրմամբ են տարել բաժին, քանի որ նրան պահանջ է ներկայացվել եւ նա չի կատարել: Ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը; Ես իմ առարկությունում նշել է, որ դա օրինական պահանջ չի կարող համարվել, քանի որ իրենց ասելով օրինական պահանջն ուղղված էր հենց Բաղրամյան պողոտան փակելուն ուղղված գործողությունն Էռնեստ Ավանեսովի կողմից դադարեցնելու: Բաղրամյան պողոտան փակվել էր հենց ոստիկանական պատնեշի միջոցով»:

Փաստաբանը հավելեց, որ ոստիկանությունն իր հայցում որպես ապացույց տեսանյութ է ներկայացրել, որտեղ երեւում է, որ երթը կեսից ինքնաբուխ է դառնում եւ փոխվում է նախօրոք համաձայնեցված ուղին դեպի Բաղրամյանի պողոտա. «Հստակ երեւում է, որ երթը խաղաղ է: Անգամ, երբ բերման ենթարկելու պահը ցույց են տալիս, սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 5-ը, երեւում է, որ մարդիկ խաղաղ կանգնած են ոստիկանական պատնեշի առջեւ»:

Հայարփի Սարգսյանը կարծում է, որ ոստիկանության ներկայացրած տեսանյութերն հենց իրենց դեմ են. «Հենց իրենց տեսանյութերում երեւում է, թե ինչպիսի ֆիզիկական, բռնի ուժ է կիրառվում խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29