«Համագործակցությունը զուտ մեխանիկական, պաշտոնների բաշխման գործընթաց չէ, որ մեկ-երկու օրում ներկայացվի, այլ տեւական համագործակցության ծրագիր է, որի հիմքում ընկած են թե համահայկական հռչակագրի դրույթները, թե նախագահի ծրագրային ելույթի կետերը»,- ասաց պարոն Շարմազանովը:
Նա նաեւ մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները ստեղծվելիք կոալիցիայի, ՀՅԴ-ի եւ նախագահի ելույթի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պարոն Զուրաբյանը խորհուրդ էր տվել ՀՀԿ-ին ՀՅԴ-ի հետ համագործակցելիս երկար մտածել, բայց չհետեւել իր փորձին, իսկ Սերժ Սարգսյանի ելույթը համարել էր ոչինչ չասող ելույթ:
«Սենսացիա չի լինի, եթե չհամաձայնեմ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ, թե ՀՅԴ-ի, թե համագործակցության, թե նախագահի ելույթի մասով։ Պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն։ Առաջինը Տեր-Պետրոսյանը քաղաքական վերադարձի ժամանակ այցելեց ՀՅԴ գրասենյակ, դրանից տարիներ հետո նույն կերպ խոսելով ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին՝ քաղաքական հրապարակ նետեց հրաշալի քառյակ տերմինը, ու քանի որ հիմա ֆիասկո են ապրել թե հրաշալի քառյակում, թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մեջ, փորձում են մեզ էլ զգուշացնել: ՀՅԴ-ն մեղավոր չէ, որ ՀԱԿ-ը նման անբարենպաստ վիճակում է, ճիշտ կլինի, որ պարոն Զուրաբյանն իր կուսակցության ֆիասկոյի պատճառը տեսնի ոչ թե դաշնակցության, այլ իր իսկ քաղաքական թիմի մեջ»,- ասաց պարոն Շարմազանովը:
Կարդացեք նաև
Նա գովեց նաեւ ՀՅԴ-ին՝ ասելով. «ՀՅԴ-ն լուրջ քաղաքական ուժ է, ազդեցիկ ազգային ուժ։ Մենք ունեցել ենք տարբեր կարծիքներ, բայց մի բան ակնհայտ է, որ ՀՅԴ դերը մեր պատմության ընթացքում մեծ է եղել, եւ դա չի կարելի թերագնահատել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ