Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար

Փետրվար 18,2016 21:50

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝  մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հետևանքներ:

2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի քանի զինծառայող։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ հետախուզական վաշտի հրամանատար, կոչումով կապիտանը 11.12.2015 թվականից նշանակվել է զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի թիկունքում՝ որպես ավագ, որի ընթացքում խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները։

Նախնական քննության տվյալներով՝ կապիտանը դրսևորել է անգործություն, չի իրականացրել և կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, ու դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ շարունակել է նույն վարքագիծը, որպիսի պայմաններում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակման ենթարկել զինծառայողներին, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը պատճառել է ծանր հետևանքներ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29