Փետրվարի 18-ին սահմանամերձ Նոյեմբերյանի մշակույթի տան նախասրահը ձեւավորված էր ռոմանտիկ ոճով. հառնում էր գեղեցիկ ծառը, որի տակ աշնան խաշամ էր, վերեւում ՝չվող թռչուններ…
Ներկա էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն), Նոյեմբերյանի մտավորականներ: Քաղաքի մարզամշակութային կենտրոնի կազմակերպած միջոցառումը կրում էր «Մեկ ժամ պոեզիայի հետ» խորագիրը, այն նվիրված էր ասմունքող, դերասանուհի Նաիրա Աբրահամյանի ծննդյան 50, մշակութային գործունեության 30-րդ հոբելյաններին:
Ելույթ ունեցողները՝ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, ռեժիսոր Սասուն Մուրադյանը, գրող, աշխարհագրագետ Ռուսլան Մալինյանը, Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Մելսիդա Վերանյանը, նախկինում Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ Արծրուն Հարությունյանը, ըստ արժանվույն գնահատեցին Նաիրա Աբրահամյանին՝ որպես մշակույթին անմնացորդ նվիրված շնորհալի, ազնիվ, յուրահատուկ անձնավորության: Ելույթներն ընդմիջվում էին Նաիրա Աբրահամյանի եւ այլոց գեղեցիկ ասմունքով, հոգեպարար երգ ու պարով: Արվեստի թովիչ ոգին էր թեւածում` լուսավոր, անապական..
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ