Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն գիրք չէ, որ պետք է նվիրել». Էդվարդ Միլիտոնյան

Փետրվար 18,2016 21:21

Փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատել է, որ այս տոնը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում: Սակայն գիրք ընտրելն ու նվիրելն այնքան էլ հեշտ գործ չէ. «Մեր օրերում ով մի կոպեկ գումար ունի, գիրք է տպագրում ու «փաթաթում» հասարակության վզին: Դրա համար մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն, մտածեն՝ արդյո՞ք գնելու, նվիրելու գիրք է: Ամեն գիրք չէ, որ պետք է նվիրել: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ վախենում ես՝ հանկարծ քո ընտանիք պատահական անուններ, պատահական հրատարակություններ չմտնեն, բովանդակությանն անծանոթ լինելով՝ հանկարծակիի չգաս, թե էս ինչ են գրել: Ամեն արտառոց բան հնարավոր է: Իսկ ամենացավալին այն է, որ մանկական այնպիսի ոտանավորներ կամ արձակ բարբաջանքներ կարող են հանդիպել, որ ուղղակի սահմռկես, թե դա ինչպես են հրատարակել»,- Գրողների միությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Էդվարդ Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահը տեղեկացրեց նաև, որ Միության անդամները վաղը՝ Գիրք նվիրելու օրը, կայցելեն մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատություններ, հանդիպումներ կունենան տոնի առթիվ:

Տոնին ընդառաջ, Էդվարդ Միլիտոնյանն այսօր գրքեր նվիրեց և պատվոգրեր հանձնեց 2015 թվականին ՀԳՄ գործունեությունը պարբերաբար լուսաբանած զանգվածային լրատվամիջոցներին, այդ թվում նաև՝ «Առավոտ» օրաթերթին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29