«Ընդհանրապես, Դավիթ Հարությունյանը եւ իր գործընկերները ինձ ամենաքիչն են հետաքրքրում: Ես այդ թեմայով ոչ մի բան չունեմ ավելացնելու»,- Aravot.am-ի հարցադրմանն այսօր այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր երեկոյան, «Անի պլազա» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն էր: Միջոցառման նպատակը`կուսակցական ծախսերի համար գումար հավաքելը: Սահմանված էր հանգանակությունների նվազագույն եւ առավելագույն շեմ`5000- 20000 դրամ: Դրամահավաքի արդյունքները կհրապարակվեն այսօր ուշ երեկոյան:
Միջոցառումն, այսպես ասած, փակ էր`լուսաբանման ենթակա չէր:
Նիկոլ Փաշինյանը շտապում էր, ընդամենը մեկ հարցի պատասխանեց: Aravot.am-ը հետաքրքրվեց`նման կերպ կուսակցական ծախսերի հոգալն արդյոք նպատակ ունի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից զատ, էլի մարդկանց համոզել, որ իր ղեկավարած քաղաքական ուժը իշխանական «պրոյեկտ» չէ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, վերջերս խորհրդարանում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից շաքարավազի հումքի փոխարեն շաքարավազ ներկրելու վերաբերյալ «օդից կախված» լուրերը , Դավիթ Հարությունյանը նրան հակադարձեց. «Դուք այս ձեւով ուզում եք հերքել լուրերը, որ դուք իշխանության հետ ինչ-որ ձեւով շաղկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք եւ այլն: Ես կարծում եմ, որ եթե դա է նպատակը, դրա կարիքը չկա անելու: Որ իշխանության հետ շաղկապված չեք, ես կարող եմ դրա մասին ասել այս ամբիոնից, այնպես որ ավելորդ ճիգեր գործադրելու կարիք այդ առումով չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ