Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ո՞վ է հիշում՝ անցյալում ովքեր են եղել լավ մարդիկ». Ռուդոլֆ Խառատյան

Փետրվար 18,2016 20:15

«Երկու տարի է՝ հայկական բալետը ոչինչ չի ստեղծել: Դա ցավով եմ ասում, որովհետև Օպերային թատրոնը մեր ազգի դեմքն է և գոնե հինգ տարվա հստակ պլան պետք է ունենար»,- «Ազդակ» լրագրողական ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը:

«Ցավոք, Հայաստանը միշտ Մոսկվայի պատուհանից է նայում աշխարհին: Ասում են՝ «Բոլշոյ տեատր»-ում այս կամ այն բանն է կատարվում: Իսկ դուք գիտե՞ք, օրինակ, «Գրանդ օպերա»-ում ինչ է կատարվում… Այդ ամենն ամփոփելով՝ մենք կարող էինք իմանալ՝ հայերին որ ճանապարհն է հարիր, ինչ է պետք մեր հանդիսատեսին, ինչ է պետք մեր կատարողական արվեստը զարգացնելու համար: Այս ամենը շատ հստակ պետք է լիներ, և հետևեինք դրան: Այդ ժամանակ բոլորը՝ և´ Կարեն Դուրգարյանը, և´ մյուսները կենթարկվեին դրան, և մենք չէինք կորցնի ո´չ Կարենին, ո´չ էլ մյուսներին: Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի, որ մենք այսօր Կարենին հանենք, վաղը՝ մեկ ուրիշին: Պետք է այնպես անեինք, որ նա օգտակար լիներ մեր օպերային, բալետային արվեստին: Սա է մեր մեծ խնդիրը»,- ընդգծեց բանախոսը:

Ռ. Խառատյանի կարծիքով, շատ խնդիրներ թիմային աշխատանքի պակասից են առաջանում. «Թիմային աշխատանքը չի ստացվում, և մենք չենք կարողանում հասկանալ, թե որն է մեր նպատակը, ուր ենք ուզում գնալ, ինչ ենք ուզում ասել, որոնք են այն եզրերը, որոնցով մենք կկարողանանք միջազգային ասպարեզ դուրս գալ… Մեր խնդիրն այսօր Հայաստանը քարտեզի վրա դնելն ու ասելն է՝ սա մենք ենք, սրանք մեր արժեքներն են»:

Ռ. Խառատյանի համոզմամբ՝ դրա համար նաև նպատակային, թիմային աշխատանք է պետք, բայց քանի որ չկա, ամեն ինչ անձնավորվում է. «Ես բոլորին ասում եմ՝ դուք շատ լավն եք, բայց ձեր արած գործը դեռ լավը չէ, իսկ իրենք անձնավորում են: Ախր լավ մարդն ու լավ գործը իրար հետ ի՞նչ կապ ունեն: Մեր երկրին լավ մա՞րդ է պետք, թե՞ լավ աշխատանք: Այսօր ո՞վ է հիշում՝ անցյալում ովքեր են եղել լավ մարդիկ: Մենք հիշում ենք մեծերին՝ առանց իմանալու՝ լավ մարդ են եղել, թե չէ: Հիշում ենք, որովհետև նրանք իրենց գործերով են մնացել, մեր երկիրը նրանց գործերով է հիշվել, ճանաչվել: Մենք այսօր էլ պետք է դրան ձգտենք ու չասենք՝ ես էսինչն եմ, ես գլխավորն եմ… Դա շատ է խանգարում ու հովանավորվում է «վերևներից»՝ «սրան հանկարծ ձեռք չտաք. սա իմ բարեկամն է, սա իմ ընկերն է…»: Հոգնել ենք: Բա էս երկրի մասին ո՞վ պետք է մտածի, ինչո՞վ պիտի վաղը ներկայանանք կամ ի՞նչ պիտի թողնենք մեր սերունդներին, որ ասեն՝ տեսեք՝ ինչ գործեր են կատարվել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29