Մամուլում լուրեր էին պտտվում, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի դպրոցի աշակերտներն արդեն երեք օր է դասադուլի մեջ են, պատճառն էլ դպրոցի տնօրենի փոփոխությունն է:
Aravot.am-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը հավաստիացրեց, որ դասադուլը ոչ թե 3, այլ մեկ օր է տեւել, եւ այս պահին կրքերը հանդարտ են:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, աշակերտները ցանկանում էին տնօրենի պաշտոնում տեսնել հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Վոլոդյա Բալասանյանին, որը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել, մինչդեռ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը ինչ-ինչ պատճառներով չէր կայացել, ու մարզպետարանի «մարդը»՝ Գայանե Խուդավերդյանը նշանակվել էր տնօրեն:
Բերքաբերի գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ նոր մրցույթ է նշանակվել, որը նրա ձեւակերպմամբ՝ կամ կկայանա, կամ՝ ոչ:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, կապվեցինք ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի հետ: Պարոն Նազարյանը հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություն անել թեմայի վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, շեշտեց, որ հաշվի առնելով սահմանամերձ գյուղի շահերը եւ մարդկանց ցանկությունը՝ առաջիկայում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կիրականացվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ