Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների 7 պատգամավոր ուրիշի փոխարեն քվեարկելով՝ խախտել են էթիկայի կանոնները:
Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ որպես կանոն ՀՀԿ-ականներն են քվեարկում ուրիշի փոխարեն՝ հակադարձեց. «Որպես կանոն՝ ոչ, ես ունեմ փաստեր»:
Թե ի՞նչ փաստեր ունի, երբ լրագրողների աչքի առաջ ՀՀԿ-ական շատ պատգամավորներ քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն՝ Խոսրով Հարությունյանն ասաց. «Ես կհանեմ ստատիստիկան եւ ցույց կտամ: Ի՞նչ կապ ունի շատ ու քիչը: Դուք ասում եք՝ որպես կանոն, դա նշանակում է, որ մնացածը չեն անում: Եկեք իրերն իրենց անունով անվանենք, ոչ ոք նրանց չի արդարացնում: Մեկը շատ արեց, մեկը՝ քիչ, դրանից որեւէ բան չի փոխվում: Մեծ իմաստով մենք դեմ ենք ԱԺ կանոնակարգի պահանջի խախտմանը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ կապված դիմումը կքննարկեն փետրվարի 29-ին:
Կարդացեք նաև
Լրագրողները Շուշան Պետրոսյանի վիրավորանքի՝ «լակոտ, ականջդ կկտրեմ» արտահայտության հետ կապված հարցեր ուղղեցին Խոսրով Հարությունյանին: Նա պատասխանեց, որ չի ուզում իր կարծիքը հիմա հայտնել, կասի ամսի 29-ին: Դիտարկմանը՝ դուք ձեր կարծիքը խուսափում եք ասել, մինչդեռ վիրավորանքը մնում է վիրավորանք, որեւէ նշանակություն չունի՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես երբեւէ չեմ խորշել իրերն իրենց անունով անվանելուց, մի՛ շտապեք: Դուք այդ հաճույքը կստանաք, հավատացնում եմ ձեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ