«Մենք միաձայն ենք այն հարցում, որ մեր գործընկերները թույլ են տվել կանոնակարգի պահանջի խախտում եւ դա որակվել է մեր կողմից՝ որպես էթիկայի կանոնների խախտում»,- ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով հարությունյանը քիչ առաջ այսպես հրապարակեց հանձնաժողովի որոշումը՝ ՀՀԿ եւ ԲՀԿ 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու դիմումի հետ կապված:
Հիշեցնենք, որ խոսքը Առաքել Մովսիսյանի, Սեյրան Սարոյանի, Համլետ Հարությունյանի, Արշակ Մխիթարյանի, Բազմասեր Առաքելյանի, Սպարտակ Մելիքյանի եւ Կարեն Սարիբեկյանի մասին է, որոնք քվեարկել էին ուրիշի փոխարեն: Այդ մասին հաստատող տեսագրությունների հետ միասին դիմումը էթիկայի հանձնաժողովին էր ներկայացրել լրագրող Լիլիթ Լալայանը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ «Մեր որոշման երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկում ենք, որ քանի որ շրջանառության մեջ է գտնվում մեր գործընկերների նախագիծն այն մասին, որ նման դեպքերի խախտումները պետք է որակել որպես կարգազանցություն, մենք առաջարկել ենք, որ առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաեւ այդ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Թեպետ դա ԱԺ նախագահի իրավունքն է, բայց մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի նման դեպքերի համար կիրառել խիստ պատժամիջոց»:
Կարդացեք նաև
Պարոն Հարությունյանը մանրամասնեց, որ խիստ պատիժ ասածը 6 օրվա ընթացքում նիստերին մասնակցելու իրավունքից զրկելն է:
Այս 7 պատգամավորների կարգազանցութան մասին կհնչի՞ արդյոք բարձրաձայն հայտարարություն ԱԺ ամբիոնից, թե՞ կբավարարվեն միայն տպագիր նկատողությունը պատգամավորներին բաժանելով՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ դա միայն նիստը վարողն է որոշում:
Մեր հարցին՝ կարգազանց պատգամավորների աշխատավարձի վրա դա անդրադառնալո՞ւ է՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ինձ համար ավելի շատ կարեւոր է ոչ թե ֆինանսական ազդեցությունը, այլ կարգապահական խախտման այն ազդեցությունը, որը ըստ էության պատգամավորին զրկելու է նրա պատգամավորական գործունեությունը արդյունավետ կատարելու հնարավորությունից: Ֆինանսական կողմը, համաձայնեք, որ բացարձակապես էական չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ