ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 34 հասցեում գտնվող, Սարաջևի անվան երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը խոչընդոտել է հիշյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Գոհար Աբրահամյանի լիազորությունների իրականացմանը:
Մասնավորապես՝ հիշյալ տեղամասի նախագահ Ս. Ավագյանը նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նկատել է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բջջային հեռախոսով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը:
Ս. Ավագյանը տեղեկանալով, որ Գոհար Աբրահամյանը տեսանկարահանմամբ արձանագրում է քաղաքացիներ Նինա Մակարյանի և նրա հարևանուհի Աշխեն Խալաֆյանի հայտարարությունը՝ վերջինիս դստեր Տաթևիկ Հարությունյանի Հայաստանից բացակայելու և նրա փոխարեն այլ անձի կողմից քվեարկած լինելու վերաբերյալ, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, տեղամասի նախագահը մոտեցել և Գ. Աբրահամյանի ձեռքից խլել է բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից՝ այդ կերպ խոչընդոտելով է նրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունների իրականացմանը:
Վերը նշված հանցավոր արարքը կատարելու համար Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016 թվականի փետրվարի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որ անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/05 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 18-ի դրությամբ քննվել են 33 քրեական գործեր, որոնցից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11 քրեական գործ կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, 2 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ մնացած 15 քրեական գործերից 4-ով՝ 4 անձ ներգրավել է որպես մեղադրյալ:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ