Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2016թ. ՀՀ պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Ըստ հիմնավորման՝ որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ, և կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է վերոնշյալ գումարը տրամադրել Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:
Արարատի մարզի Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով կառավարության որոշմամբ առաջարկվում է ստեղծել Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այդ նպատակով բանակցություններ են անցկացվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ. վերջիններս պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել նախագիծը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության բժշկական սպասարկումն իրականացնում է Արևաշատի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում այդ համայնքների բնակչության համար: Այսպիսով, կբարելավվի այդ համայնքների բնակչության բժշկական օգնության մակարդակը՝ հնարավորինս ապահովելով բժշկական սպասարկման արագությունն ու արդյունավետությունը:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն