Ժողովրդավարության ազգային պլատֆորմը փետրվարի 18-ին կազմակերպել էր ֆորում՝ «Ընտրություններ 2017. Նոր ընտրական օրենսգիրք» թեմայով:
Ֆորումի ընթացքում «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը հայտարարեց, որ իրենք հրավիրել են բոլոր քաղաքական ուժերին՝ բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, քանի որ կարծում են, որ շուտով կոալիցիան իր կարծիքը կհայտնի: Ըստ նրա, կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը իր կարծիքը հայտնի. «Աննախադեպ հետաքրքրություն կա այս գործընթացի նկատմամբ՝ ԱՄՆ դեսպանությունը խիստ քննադատությամբ հանդես եկավ, բավականին ակտիվ է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ պատվիրակության ղեկավարն անձամբ: Շատ կարեւոր էր նաեւ ԵԱՀԿ զեկույցը: Կարելի է ասել Հայաստանի քաղաքական զարգացումները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են: Եթե հաջողվի հասնել միասնական օրակարգի ձեւավորմանը, թեկուզ համատեղ պնդենք մի քանի կետը, հնարավոր է ունենանք ավելի լավ օրենսգիրք, քան նախկինում»:
Ժողովրդավարության ազգային պլատֆորմի անդամ Դավիթ Հովհաննիսյանը նկատեց, որ գործող օրենքի պայմաններում, եթե չես կարողանում կանխել, ապա չես կարող ապացուցել, որ ընտրախախտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանում ընտրողների ստորագրված ցուցակները հավասար են ռազմական գաղտնիքի. «Բոլոր ընտրակեղծիքների ուսումնասիրությունը թույլ է տվել կազմել առաջարկությունների մի փաթեթ, որը կարող է էականորեն բարելավել Հայաստանում ընտրական գործընթացը, ազդել ընտրությունների վերահսկողության ավելի ազդեցիկ մեխանիզմների ստեղծման վրա: Մենք մշակել ենք հինգ հիմնական կետ՝ առաջին կետը ընտրացուցակները պետք է մաքրել, այս խնդրի լուծման համար առաջարկում ենք ստեղծել համատեղ հանձնաժողով՝ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ, որոնց առաքելությունը կլինի ցուցակների մաքրումը այդ ավելորդ անուններից:
Կարդացեք նաև
Երկրորդ կետը վերաբերում է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակների հրապարակմանը, երրորդ կետը վերաբերվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոններում եւ դրանց հարակից տեղամասերում տեսախցիկների տեղադրմանը եւ ուղիղ հեռարձակման ապահովմանը քվեարկության ողջ օրվա ընթացքում:
Չորրորդ կետը վերաբերում է բազմակի քվեարկության կանխման հետեւանքով մատնահետքերի էլեկտրոնային համակարգի տեղադրմանը, եւ հինգերորդը՝ հանրային սեկտորի ներգրավվածության ընդլայնմանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ