Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ՀԷՑ-ի համար վարկ է վերցնում (Տեսանյութ)

Փետրվար 18,2016 15:55

Կառավարությունը հերթական անգամ վարկ է վերցնում, բայց այս անգամ վարկը ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիա արտադրող կայաններին չվճարած գումարները փակելու համար է:

Այս վարկի մասին այսօր կառավարության նիստի օրակարգում ներառված չէր, սակայն նիստին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը զեկուցեց:

Նիստից հետո լրագրողները պարոն նախարարից հետաքրքրվեցին վարկի մանրամասների մասին: Ըստ Զախարյանի, վարկը տրամադրելու է համաշխարհային բանկը՝ 30 տարի ժամկետով, 14 տարի արտոնյալ ժամկետով եւ 1,5% -ով: Նախարարն ասաց, որ այս վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցություն չի ունենա: Զախարյանի խոսքերով՝ վարկն ուղղվելու է արտադրող կայանների նկատմամբ «Հայաստանի Էլեկտրական ցանցերի» կուտակած պարտքերի մարման եւ որոշակի փոխառությունների համար:

Այն հարցերին՝ ինչո՞ւ ՀԷՑ-ի պարտքերի համար պետք է կառավարությունը վարկ վերցնի, ըստ էության ՀՀ քաղաքացիներն էլ փակեն այդ վարկը, եւ ի՞նչ ծավալի վարկ է, Զախարյանը հրաժարվեց պատասխանել ու մեծ արագությամբ հեռացավ:

Մանրամասն՝   տեսանյութում

Բազմաթիվ քաղաքացիների այն դժգոհություններին էլ, որ էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարները կրկնակի են եղել, եւ ՀԷՑ-ը հսկայական գումարներ է գրել ներկայացրել քաղաքացիների սպառած հոսանքի համար, լրագրողների այս դիտարկմանն էլ՝ Զախարյանն ասաց, որ նախարարությունն էլ նման բողոքներ ստացել է, ՀԷՑ-ի հետ ուսումնասիրում են խնդիրը եւ շուտով պատասխան կտրվի բարձրացված բողոքներին: «Բայց ինձ չի թվում, որ նման բաներ կան»,-ասաց Զախարյանը՝ ՀԷՑ-ի՝ քաղաքացիներին ուռճացված թվեր ներկայացնելու մասին:

ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար կառավարության կողմից պարտք վերցնելու մասին տնտեսագետ Արտակ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախ այն, որ հիմնավորում են, թե էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա եւ չի խոսվում նվազեցման մասին, անլուրջ հայտարարություն է: Անցյալ տարի կառավարությունը նշում էր, որ 36 միլիարդ դրամի պարտք է առաջացել արտադրող կայանների հետ կապված, էներգետիկ ճեղքվածքի պատճառով: 36 միլիարդից 12 միլիարդը 2014-ին սակագնի բարձրացումով փակեցին, 2015 թվականին հոսանքի թանկացումը հիմնավորում էին՝ 24 միլիարդ դրամ պարտքն արագացված տեմպերով կփակենք, եւ այլեւս պարտք չի լինի: Այսինքն, այլ հավասար պայմաններում պետք է 2016-ի օգոստոսին, մեծ հաշվով, ակնկալեինք սակագնի նվազեցում. այս մասին հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ էր հաստատել: Եւ հիմա խոսել, թե՝ վարկը վերցնում ենք, սակագինը չի բարձրանա, անտրամաբանական է»: Մանուկյանի ներկայացմամբ, Զախարյանը վերջին շրջանում ասում էր, որ ՀԷՑ-ի մենեջմենթը լավացել է, կորուստները նվազել են, այս պարագայում  մոնոպոլ դիրք ունեցող ՀԷՑ-ի ներքին արդյունավետությունը բարձրանում է, ինչը նշանակում է որ նաեւ շահույթն է ավելանում, ուստի անհասկանալի է, որ  կառավարությունը նրա համար վարկ է վերցնում:

Մասնավոր ընկերությունների համար պետության վարկ վերցնելը, նորմալ է, բայց ինչպես ասաց տնտեսագետը, դա կատարվում է այն դեպքերում, երբ տվյալ շուկայում բացասական միտումներ կան, ինչպես արվեց 2009-ի ճգնաժամի դեպքում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի համար կառավարությունը վարկ վերցրեց, ՀԷՑ-ի դեպքում նման խնդիր չկա. «Անցյալ տարի հոսանքի սակագինը բարձրացրեցին, ու հիմա ամորֆ նպատակով, որի անունը դրել են՝ արտադրող կայանների պարտքի վճարում, անընդունելի է: Պարզ չէ, թե գումարի որ մասն է ուղղվելու կայաններին, որն՝ այլ նպատակներով: Ի վերջո, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ փակեցինք այդ ճեղքվածքը, թե՝ հիմա ինչի՞ համար են վերցնում վարկը, պարզ չէ: Ընդհանրապես, սակագնի բարձրացման մասին խոսք լինել չի կարող, բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են սակագնի նվազման վրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29