Լրահոս
Օրվա լրահոսը

Կճոյանի, Տիգրան Սարգսյանի նկարները՝ դատարանում. Օֆշորի գործով տուժողը ներկայացրեց իրեն «քցողներին». (Տեսանյութ)

Փետրվար 18,2016 15:27

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) «օֆշորի» գործով դատական նիստն էր:

Պաշտպանական կողմը ներկայացրեց իր ապացույցները, տուժող Փայլակ Հայրապետյանը վրդովվեց, թե ինչու են իզուր ժամանակ ծախսում, լսում այդ ամենը, այդ ամենը իրեն չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է իր փողը, որը տվել է Հայաստանի համար ու չի ծառայել իր նպատակին, իրեն թալանել են, հետո ներկայացնում են, իբր Աֆրիկայում ջեռուցման համար միլիոններ են ծախսել. «Բայց Աֆրիկայում ի՞նչը պիտի ջեռուցեին, էնտեղ 40 աստիճան շոգ է»:

Փայլակ Հայրապետյանը դատավորին ներկայացրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի ու Աշոտ Սուքիասյանի լուսանկարները ու հայտարարեց, որ այդ երեքի օֆշորային հաշվին է գնացել իր ողջ գումարը, ոչ մի կոպեկ չի ծառայեցվել նպատակին. «Այդ երեքի կիպրոսյան հաշվից վերադարձվել են Հայաստան գումարները, Հայաստանում կանխիկացվել է, 3 մլն 300 հազար պարտքեր են տվել, մեքենա են գնել: Ես իմ ընտանիքին ոչ մի բան չէի ասել, մտածում էի՝ 10 հազար բանվոր պետք է աշխատեր, 350 ուսանող պիտի ՀՀ-ում աշխատեր: Առաջին իսկ օրվանից, առաջին իսկ պահից խաբեությամբ, այս ամբողջ գումարները վերցրել է ու 10 կոպեկ չի ծախսել հանքերի համար: Այս երեքի հաշիվների վրա է փոխանցվել իմ գումարները: Կճոյանն իրեն ավտո է առել, ոսկի են առել, ինչ առել են՝ իմ նպատակների հետ բոլորովին կապ չունի»:

Պաշտպանական կողմը ներկայացնում էր իր ապացույցները՝ տարբեր ցուցմունքներ, տեղեկանքներ, որոնցում ասվում էր, որ Աշոտ Սուքիասյանը մինչ Հայրապետյանին հանդիպելը բիզնեսմեն է եղել, բավականին մեծ ակտիվներ է ունեցել բանկերում:

Փայլակ Հայրապետյանը վրդովվեց ու նորից սկսեց բղավել՝ ախր այդ ամենը ի՞նչ կապ ունի գործի հետ. «Նախկին վարչապետը, Կճոյանը իմ ամբողջ ունեցվածքը վերցրել են: Բերել են Կճոյանին ավտո են առել, իրեն ոսկի են առել»: Դատավորն արձագանքեց. «Հարգելի տուժող, էդ բանը դուք արդեն 10-րդ անգամ կրկնում եք, ասացիք՝ հասկացանք»:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն էլ Աֆրիկայում 40 աստիճան շոգին ջեռուցման համար միլիոններ ծախսելու հետ կապված հակադարձեց. «Դուք 5 տարի է՝ հերմետիկություն բառը անգլերենից թարգմանում եք ջեռուցում: 5 տարի դուք մի բառ չեք կարողանում թարգմանեք անգլերենից հայերեն, ինչի՞ մասին է խոսքը: Մեղադրողն էլ ասաց, որ դա հերմետիկություն է, ոչ թե ջեռուցում, Աֆրիկայում ի՞նչ ջեռուցում»:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ հինգշաբթի՝ փետրվարի 25-ին, ժամը 12-ին:

Հռիփսիմե ՋԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29