Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործով դատավոր. «Տրյուկազյուկն էդ ի՞նչ սպրավկեք ա տալիս, չե՞ք գտնում, որ կեղծ է» (Տեսանյութ)

Փետրվար 18,2016 15:14

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) «օֆշորի» գործով դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրեց իր ապացույցները:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը վկայակոչեց Արա Հակոբյանի ցուցմունքը, կարդաց Աշոտ Սուքիասյանի հետ Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերությունը տնօրինող Սերգեյ Տրյուկազյուկի տեղեկանքը, որն ասում էր, թե ինչքան ներդրում է արվել, հանքանյութի ծավալի, արժեքի մասին գնահատականներ:

Դատավորը հարցրեց՝ «Տրյուկազյուկը Սիերա Լեոնեի արդյունաբերության նախարա՞րն է, բա էդ ի՞նչ սպրավկեք ա տալիս: Հետո դուք չե՞ք գտնում, որ դա կեղծ է: Նա ո՞վ էր, որ քեզ տենց փաստաթուղթ տար, հետո անձն ի՞նքն ա որոշում, թե հանքերում ինչքան հումք կա կամ ինչքան բաժնեմասն է պատկանում Սուքիասյանին»:

Պաշտպանական կողմը պատասխանեց, որ դրա համար պետք է Տրյուկազյուկն էլ հարցաքննվեր, որ գար ասեր: Դատավորը հակադարձեց. «Այսինքն, եթե Տրյուկազյուկը եկավ ու ասեց՝ 66 տոկոսը ընկերության քո պաշտպանյալինն է, գա ասի՝ ոչ թե 66 այլ 100 տոկոսն է իրենը, մենք դա պետք է հի՞մք ընդունենք»:

Ofshori_dat_-2 Ofshori_dat_ Ofshori_dat_-4 Ashot_Suqiasyan_3 Ashot_Suqiasyan_4 Ashot_Suqiasyan_2

Ofshori_dat_-3

Պաշտպանը պատասխանեց՝ եթե հակառակը չի ապացուցվել՝ այո: Դատավորը զարմացավ՝ ո՞նց, ուրեմն ա՞նձն է որոշում բաժնետերն ով է, կան փաստաթղթեր: «Քրեական գործում բոլոր հանգամանքները կան, թե որ փաստաթուղթն ինչ եղանակով է ձեռք բերվել, ում կողմից է ձեռք բերվել, որտեղ է գրանցվել: Անձ ասելով մարդը դառնում է ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսի տե՞ր»:

Պաշտպանական կողմը վրդովվեց, թե դատավորն ինչո՞ւ է կանխակալ վերաբերմունք հայտնում:

Տուժողի ներկայացուցիչները դատարանին հորդորեցին Տրյուկազյուկի այդ գրությունը չընդունել որպես ապացույց: Պաշտպան Յուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ասում են՝ Արա Հակոբյանը ի՞նչ կապ ուներ քրգործի մեղադրանքի հետ: Այդ դեպքում հարց է ծագում՝ Արա Հակոբյանը որպես խոպանչի՞ էր գնացել Սիերա Լեոնե, թե՞ իր նախաձեռնությամբ էր գնացել: Այս գործի շղթայում կարմիր թելի պես անցնում է, որ հանքեր են եղել, այդ մարդիկ երկար ժամանակ աշխատել են այնտեղ, մինչդեռ հայտարարում են տուժողները, որ ոչ մի հանք, ոչ մի տեխնիկա չկա, չի աշխատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29