Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-20-ը կկազմակերպվի Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը: «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանն այսօր «Նյութ» ակումբում նշեց, որ հրատարակչությունը ներկայացնելու է վերջին մեկ տարում լույս տեսած մանկական գրքերը. «Սա ամենակենսունակ ցուցահանդեսներից է: Հատկապես մանկական գրքի ցուցադրությունն է կարեւոր, որովհետեւ քաղաքի գրախանութներում չկան մանկական գրականության առանձին բաժիններ: Իսկ զարգացած երկրներում մանկական գրականության սրահներ կան՝ իրենց ժամանցի պայմաններով: Մեր գրախանութներում անգամ հարմար չէ երեխայի հետ գտնվելը: Գրքի ընտրությունն էլ կատարվում է մեծի միջոցով՝ ծնողն առանց երեխայի գիրք է ընտրում նրա համար, մինչդեռ երեխաները հաճախ պետք է այցելեն գրախանութ եւ իրենք ընտրեն»:
Մկրտչյանի փոխանցմամբ՝ այսօր առավել շատ հրատարակվում են Թումանյանի ստեղծագործությունները, իսկ մյուս հեղինակների գրքերը մնում են ստվերում. «Ծնողներին կխնդրեի գրքերի ընտրությանը երկար ժամանակ հատկացնեն»: Բանախոսը նաեւ նշեց, որ այս տարի հրատարակչությունը որոշել է վերականգնել գիրքն ընծայագրելու ավանդույթը. «Մեր կայքից հնարավոր է գիրք ընտրել եւ ընծայագրել ինչ-որ մեկին: Մակագրությունը կցվում է գրքին, նաեւ հրապարակվում կայքում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է չվաճառվող գրքերին, ապա դրանք բաժանվում են գրադարաններին: «Չթվա, թե դրանք արժեքավոր չեն: Ինչ-ինչ պատճառներով դանդաղ են վաճառվում, ասենք՝ մասնագիտական գրականությունը: Երկար չենք կարող պահել պահեստներում եւ տարբեր ճանապարհներով տարածում ենք»,-ասաց Էմին Մկրտչյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ