Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իր ճեմասրահում փետրվարի 18-20-ը կազմակերպում է Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը, որի ընթացքում հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիներին լույս տեսած գրքերը: Այս մասին այսօր «Նյութ» ակումբում լրագրողներին հայտնեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նա տեղեկացրեց, որ այս անգամ մասնակցում են «Զանգակ», «Էդիտ Պրինտ», «Բուկինիստ», «Արեւիկ» հրատարակչությունները, ինչպես նաեւ Իրանի դեսպանատունը, որը կներկայացնի իրանական մանկական գրքեր:
Ռուզան Տոնոյանը նշեց, որ գրադարանի այցելուների թիվը կայուն է տարեկան 18-20 հազար. «Ցուցանիշը գոհացուցիչ է: Գրադարան այցելում են հենց ընթերցելու համար: Հատկապես կրտսեր տարիքայինները ամեն օր են այցելում: Գիրքն ունի ընթերցող եւ հետաքրքրություն կա: Երեխան ավելի հաճախ է կարդում, քան ծնողները»: Տնօրենը նաեւ նշեց, որ երեխային գիրք ընտրելու հարցում ուղղորդելը ոչ բոլոր դեպքերում է ճիշտ. «Երեխայի հետաքրքրություններն այսօր բավականին լայն են, ուստի նրա ընտրությունը ավելի ճիշտ է»:
Հավելենք, որ տոնավաճառի ընթացքում սպասվում են ընթերցանություններ, գրքերի նվիրատվություններ, հեքիաթապատումներ, կինոդիտումներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ