Մենք` պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման խնդրով մտահոգ քաղաքացիներս, հավատարիմ մնալով մեր պայքարին, այս անգամ պահանջագիր ենք ներկայացնում BeeLine ընկերությանը: Պահանջի չբավարարման դեպքում ընկերության ծառայությունների բոյկոտի զանգվածային ակցիա ենք նախաձեռնելու:
Կարդացեք պահանջագրի տեքստը` ստորև.
Պահանջում ենք հեռացնել Beeline ընկերության` Հրշեջների շենքի վրա փակցված գովազդային պաստառը, քանի որ այն տեղադրված է պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքի ճակատին: Շենքն արդեն իսկ գտնվում է վթարային վիճակում, և պաստառը հնարավորություն է տալիս քողարկել շենքի հնարավոր քանդման ապօրինի գործընթացը։ Այս մտահոգությամբ բազմաթիվ գրություններ են ուղղվել պատկան մարմիններին, սակայն արդյունքում ստացվել են իրարամերժ պատասխաններ: Ըստ այդմ, թեև շենքը գտնվում է պետության խնամքի ներքո, սակայն՝ հաշվի առնելով հուշարձան-շենքին սպառնացող հնարավոր վտանգները, մենք՝ քաղաքացիներս, որոշել ենք ինքներս հանձն առնել շենքի պահպանման գործն ու պահանջատիրությունը: Շինությունը հանդիսանում է Սախարովի անվան հրապարակի ճարտարապետական ընդհանուր դիմագծի մի մասը. պաստառի առկայությունը ոչ միայն խախտում է այդ դիմագիծը, այլև ֆիզիկական վտանգ է ներկայացնում Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Բունիաթյանի հեղինակած հուշարձան-շենքի գոյությանը:
Beeline ընկերությանը հորդորում ենք չհապաղել, այլապես գովազդելու փոխարեն կկորցնեն իրենց բաժանորդներին, որոնք պատրաստվում են զանգվածային արշավ սկսել Beeline ընկերության ծառայություններից հրաժարվելու նպատակով։
Կարդացեք նաև
Եթե առաջիկա օրերի ընթացքում պաստառը չհեռացվի հուշարձան-շենքից, մենք մարտի 3-ին, ժամը 13-ին կհավաքվենք Beeline-ի Հյուսիսային պողոտայի գրասենյակի մոտ` վերադարձնելու այդ օպերատորին պատկանող հեռախոսային քարտերը:
Պահանջի և ակցիայի մասին իրազեկող ֆեյսբուքյան էջն այստեղ`
Էջում կտեղադրվեն հետագա զարգացումների և խնդրի մասին հավելյալ տեղեկություններ:
Երեւան նախաձեռնություն