«1921 թվականի փետրվարի 18-ին հայ մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ եւ ազատագրեցին Երեւանը: Պատմական փաստ է, որ անհեռանկարային էին համարում եւ դրան դեմ էին նաեւ Դաշնակցության անդամները: Այդ շարժումն ամբողջությամբ ժողովրդական էր»,- այս մասին Հանրապետության հրապարակում Ազգային ինքնորոշում միավորման ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը:
Ըստ նրա՝ այդ ժամանակ հայ ժողովուրդն ապացուցեց իր ազատասիրությունը. «Չնայած հաղթանակը կարճ տեւեց, սակայն առաջին հաղթական ընդվզումն էր ընդդեմ բոլշեւիկների: Դրա նշանակությունն անհնար է գերագնահատել: Ազգային ինքնորոշում միավորումն արդեն երկու տասնամյակից ավելի կոչ է անում ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը՝ փետրվարի 18-ն անվանակոչել «Ազատության օր»:
Ասուլիսին ներկա չէր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է նա բացակայում, ինչին ի պատասխան Արկադի Վարդանյանն ասաց, որ Հայրիկյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է. «Այնտեղ տեղի է ունենալու նրա գրքի շնորհանդեսը»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ ԱԻՄ անդամները ուղեւորվեցին Գառնի՝ հարգանքի տուրք մատուցելու 1921թ. ապստամբության երկու գլխավոր դեմքերի՝ Մարտիրոս Աբրահամյանի եւ Ղազար Քոչարյանի շիրիմներին։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ