Հայաստանի զարգացման hիմնադրամը, ընդլայնելով համագործակցության աշխարհագրությունը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության հետ համատեղ Ստոկհոլմում փետրվարի 17-ին կազմակերպել է հայ-շվեդական գործարար համաժողով, որին մասնակցել են մոտ 100 շվեդական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Շվեդիայի արտգործնախարարության, Առևտրի հանձնաժողովի, Շվեդիա-Ռուսաստան առևտրաարդյունաբերական պալատի և Բիզնես Շվեդիա կառույցի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում կողմերը ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և կարևորել դրանց շարունակական բնույթը: Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են զարգացման հեռանկար ունեցող տեղական և տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները, այդ թվում՝ էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, ադամանդագործություն և այլն: Ներկայացվել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամակացությամբ պայմանավորված Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ պայմանավորված շվեդական ընկերությունների համար Հայաստանի հնարավոր կամրջող դերը դեպի Իրանի շուկա:
«Գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը հնարավորինս խրախուսելու նպատակով շատ կարևոր է նմանատիպ հանդիպումների ձևաչափը, որը թույլ է տալիս Շվեդիայի գործարարներին անմիջականորեն ներկայացնել Հայաստանի տնտեսական բարեփոխումների՝ կառավարության օրակարգը, գործարար և ներդրումային միջավայրի բարեփոխումների ընթացքը և արդյունքները, Հայաստանի միջազգային առևտրային արտոնյալ ռեժիմները, տնտեսական և գործարար միջավայրի հնարավորություններն ու գրավչությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը»- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-շվեդական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որը լիարժեք օգտագործելու համար նման հանդիպումները լավ հիմք են համագործակցությունը զարգացնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք խրախուսել գործարարների միջև կապերի խորացումը և բազմակողմանի զարգացումը, իսկ մոտ ապագայում կազմակերպել շվեդ գործարարների այց Հայաստան և գործարար համաժողով Երևանում:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն