«Կապույտ երկնքի տակ» այս խորագիրն էր կրում Թեքեյան կենտրոնում երեկ բացված լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիան, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության Արտ-ֆոտոյի բաժինը և PhotoPodium.com ինտերնետային ռեսուրսը ։
Ինչպես բացման խոսքում նշեց Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը այս ցուցահանդեսն առաջին անգամ չէ անցկացվում. «Առաջին ցուցահանդեսը եղավ 2014թ.-ին: Սա կարծես ավանդույթ դարձած լինի, և այս նախագիծն արդեն որոշակի պատմություն ունի, և վստահ եմ, որ կունենա նաև շարունակություն»:
Ցուցահանդեսին մասնակցում էին 72 հեղինակներ 81 աշխատանքով Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսրայելից, Նիդերլանդներից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Էստոնիայից: Հայաստանից ներկայացված մասնակիցների շարքում էին ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Արմեն Ենգոյանը, Վահան Քոչարը, և երաժիշտ Ռուբեն Չախմախչյանը, որն արդեն վեց տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ:
Այս տարի պարոն Չախմախչյանը ներկայացրել է երկու լուսանկար. «Առաջինը որդուս դիմանկարն է, իսկ երկրորդը կապ ունի երաժշտության հետ՝աղջնակը ելույթից առաջ: Կարծում եմ ՝ երկուսն էլ, մաքուր, լուսավոր կյանքը պատկերող, լուսանկարներ են»:
Կարդացեք նաև
Արմեն Ենգոյանն ասաց, որ ցուցահանդեսի խորագիրը պատահական չէ ընտրված. «Այսօր բացասականը շատ է աշխարհում: Ամենուրեք տիրող պատերազմների պատճառով՝ այս լուսավոր նկարչությունը մեզ օդ ու ջրի պես պետք է, տեսնելու մարդկանց՝ ովքեր ապրում են կապույտ երկնքի տակ»:
Պարոն Ենգոյանն ավելացրեց, որ Հայաստանից ներկայացված են 11 մասնակիցներ՝ ընդ որում ևս երկու հոգի ԱՄՆ-ից. «Մեր մասնակիցները հիմնականում երկուական լուսանկարներ են ներկայացրել: Ցուցադրված են նաև իմ աշխատանքները: Կարծում եմ՝ հաջող են ստացվել»:
Արմեն Ենգոյանը հավելեց, որ լուսանկարները Երևանում ներկայացվելուց հետո կտեղափոխվեն Մոսկվա, այնուհետև հնարավոր է՝ նաև Սանկտ Պետերբուրգ:
Ցուցահանդեսի բացման ընթացքում տրվեցին հավաստագրեր մասնակից լուսանկարիչներին: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 4-ը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ