Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը հավանական է համարում, որ Սերժ Սարգսյանը հրաժեշտ չի տա պաշտոնին

Փետրվար 18,2016 16:00

Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ այն ղեկավարները,
որոնք երկար ճանապարհ են անցել, լուրջ պաշտոններ են զբաղեցրել,
հանկարծ մինչեւ թոշակի գնալը պետք է այդ ամեն ինչին հրաժե՞շտ տան:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում  հեղափոխություն անելու կողմնակիցների մասին խոսեց՝ նրանց հիասթափեցնելով, որ «մենք չենք շտապում»: Ընդդիմության մեջ այդպիսի տրամադրություններ ու նման պոտենցիալ չի նկատվում, ուրեմն ո՞ւմ էր ուղղված նախագահի այդ կոչը: Թիմի ներսում հեղափոխության մթնոլորտ կա՞: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Թիմի ներսում երբեւիցե որեւիցե մեկը թող չմտածի, որ կա նման մթնոլորտ եւ տարաձայնություն, որը կարող է վերաճել հեղափոխության: Նախագահի ելույթը հստակ ազդակ էր այն ուժերին, որոնք փորձում էին ինչ-որ բաներ կազմակերպել Հայաստանում, որոնց հետեւում կարող էին կանգնած լինել ինչ-որ քաղաքական ուժեր, որոնք կձգտեին այդ նպատակով գալ իշխանության՝ հեղափոխություն անել կամ նման զարտուղի ճանապարհով մի բան»:

Մենք ճշտեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն նկատի ուներ, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չէ, Քոչարյանին նկատի չուներ: Նկատի ուներ այն քաղաքական ուժերին, որոնք դեռեւս փայփայում են իրենց մոտ նման մտքեր, որ հնարավոր է՝ ինչ-որ ձեւերով գալ իշխանության՝ հեղափոխության միջոցով: Իսկ մեզ մոտ իշխանության գալու ընդամենը մեկ ձեւ կա՝ ընտրություններ»:

Մենք փորձեցինք հստակեցնել՝ ո՞ր ուժի մասին է խոսքը, ո՞վ է նախապատրաստում հեղափոխություն, որ նախագահն էլ նման հորդոր արեց. «Դուք ինչի՞ եք անպայման ուզում անձի անուն լսեք: Չեմ կարծում, որ նախագահը, չունենալով նման ինֆորմացիա, նման մտքեր կարտահայտեր: Դա նշանակում է, որ կա հստակ ինֆորմացիա նախագահի մոտ, եւ այդ հստակ ինֆորմացիան հնարավորություն է տվել, որ ինքը դրա մասին բարձրաձայնի՝ առանց նշելու կոնկրետ ուժի անուն»: Հարցին՝ հաստա՞տ ընդդիմադիր դաշտից նկատի ունի, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Եթե որեւիցե մեկը կարծում է, որ ՀՀԿ-ի ներսում կարող է նման բան մտածել մեկը՝ սխալվում է: ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է, որտեղ որոշումները կայացվում են բոլորի ներկայությամբ: Գործադիր մարմնում, խորհրդում քննարկվում են, այնպես չի, որ միանգամից ասում են՝ այս ձեւով պետք է լինի: Դրա համար ՀՀԿ-ում այդ խնդիրները չեն կարող առաջանալ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը մինչ սահմանադրական փոփոխությունները վստահեցնում էր, որ ոչ մի պաշտոն չի ուզում զբաղեցնել, բայց իր ելույթից «մնացողի» տպավորություն էր թողնում, այդպե՞ս է, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ այն մարդիկ, ղեկավարները, որոնք երկար տարիներ ճանապարհ են անցել, եղել են անկախ պետության ստեղծման ակունքներում, որոշակի լուրջ պաշտոններ են զբաղեցրել, եւ հանկարծ մինչեւ թոշակի գնալը պետք է այդ ամեն ինչին հրաժեշտ տան: Այդ մարդկանց ուժերը պետք է օգտագործել: Թե որտեղ կարելի է օգտագործել՝ դա արդեն ե՛ւ անձի, ե՛ւ քաղաքական իշխանության խնդիրն է»:

Հարցին՝ այսինքն՝ հավանական համարո՞ւմ եք, որ նա կմնա, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ես միշտ էլ հավանական համարում եմ»:

Բա ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը դա բացառում՝ Սահմանադրությունը փոփոխելուց առաջ՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, անձը իր կարծիքն ունի, կարող է ասել՝ ես չեմ ուզում աշխատել: Բայց քաղաքական թիմն էլ իր կարծիքը կարող է արտահայտել, ասել՝ չէ, այս խնդրին կարելի է նման ձեւով լուծում տալ»:
Տեղի կտա՞ Սերժ Սարգսյանը իր թիմի խնդրանքներին, կմնա՞ պաշտոնին՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չգիտեմ, դա ժամանակը ցույց կտա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29