Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «սպառնալիք» կարող է լինել ՀՅԴ-ն Հովիկ Աբրահամյանի համար

Փետրվար 18,2016 15:30

Արծվիկ Մինասյանը պարզաբանում է

«Մեր մուտքն իշխանություն ոչ թե ինչ-որ անձի դեմ է, ինչ-որ անձի հետ կոնֆլիկտ ստեղծելու համար է, այլ երկրում իրական փոփոխություններ անելու: Ցանկացած անձ, ով դեմ կկանգնի այդ բարեփոխումներին` ազատ տնտեսական մրցակցության ստեղծմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, երկրում ժողովրդավարական արժեքներ հաստատելուն, տնտեսական վերելք ապահովելուն, նրա հետ կարող ենք անընդհատ կոնֆլիկտ ունենալ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Բանն այն է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության բանակցությունների մասին հայտարարումից ի վեր մամուլում տարբեր մեկնաբանություններ եւ վերլուծություններ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հիմա ՀՅԴ-ին կոալիցիա ընդգրկելը:

Գլխավոր հարցադրումը հետեւյալն էր՝ ինչպե՞ս են աշխատելու դաշնակցական նախարարները վարչապետի հետ: Որքան էլ ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական գործիչները հայտարարեն, թե բանակցություններում պաշտոնների հարցը իրենց չի հետաքրքրում կամ առաջնային չէ, այնուհանդերձ՝ համագործակցություն նշանակում է նաեւ պատասխանատվություն որոշակի ոլորտներում: Իսկ պատասխանատվություն` առանց կոնկրետ պարտավորությունների, բնական է, որ չի լինում: Պարտավորությունների ստանձնումը, ավելի հանրամատչելի ասած, պաշտոնների ստանձնում է:

Բայց հարցը պետք է դիտարկել նաեւ այլ հարթությունում: Դավիթ Լոքյանը եւ Հովիկ Աբրահամյանը դեռ 2000-ականներից են մեկ թիմում եղել, իրար հետ երկար ճանապարհ են անցել, անգամ քավոր-սանիկական հարաբերություններ են ձեւավորել, որոնք առ այսօր պահպանվում են: Հովիկ Աբրահամյանի ուղղակի եւ անուղղակի քավորությամբ Դավիթ Լոքյանի որդին տարբեր պաշտոններ է զբաղեցնում կառավարման համակարգում: Ներկայումս վարչապետի խորհրդականն է: Կոնկրետ հիմա խորհուրդներ է տալիս կառավարության ղեկավարին. թե ինչ խորհուրդներ է տալիս, կամ որքանով են դրանք պիտանի` այլ հարց է, բայց Լոքյանների եւ Աբրահամյանների ընտանիքի քավոր-սանիկական հարաբերությունները դրանցից չեն տուժում:

Արծվիկ Մինասյանը մշտապես էլ խորհրդարանում քննադատել է կառավարության գործունեությունը, սակայն քիչ չեն եղել դեպքերը, երբ նրա քննադատությունը սկսվել է «հարգելի, սիրելի կառավարություն ջան» ձեւակերպումով:

Իսկ Լեւոն Մկրտչյանն իր քաղաքական գործունեության տարիներին, հատկապես բազմակի նախարարական անցյալում, իր որեւէ վերադասի հետ լարված հարաբերություններ չի ունեցել, երկար ժամանակ մեկ կաբինետում աշխատել է Հովիկ Աբրահամյանի հետ: Նա, հավանաբար, հարցերը փափուկ տարբերակով լուծելու կողմնակից է: Հիմա էլ, կարծես, այդ օրինաչափությունից շեղվելու նախադրյալներ չկան:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29