Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ «Արմավիայից» «խեր» տեսան, ոչ «Էյր Արմենիայից»

Փետրվար 18,2016 15:00

Մեր երկրում ո՛չ տեղական ավիաընկերությունների բախտն է բերում,
ո՛չ օդաչուների, ո՛չ էլ ավիաոլորտի այլ մասնագետների

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները այդպես էլ չստանալով իրենց աշխատավարձերը՝ տեղափոխվել էին «Էյր Արմենիա» ավիաընկերությունում աշխատելու, ու կրկին նույն բախտին էին արժանացել: Նրանք նորից աշխատավարձերի պարտքեր ունեն ստանալու, բայց հույս չկա:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Էյր Արմենիա» ավիաընկերության պարտապանների առաջին ժողովն էր. պարտապանների մեծ մասը ավիաընկերության նախկին աշխատակիցներն էին: Այս ժողովի ընթացքում, ըստ էության, որեւէ լուրջ բան չպարզվեց, թե արդյոք մարդիկ կկարողանա՞ն ստանալ իրենց աշխատավարձերի պարտքերը:

Պարտապանների շարքերում երեկ մենք հանդիպեցինք «Արմավիայի» նախկին աշխատակիցներին, որոնք նորից հայտնվել էին փակուղու առջեւ:

Օդաչու Կարեն Սարգսյանը երկար տարիներ աշխատել է «Հայկական ավիաուղիներում», ապա «Արմավիայում», հետո «Էյր Արմենիայում». այս ավիաընկերությունները ձախողվել են, իսկ Սարգսյանն այդպես էլ չի ստացել իր աշխատավարձերի պարտքերը:

«Առավոտի» հետ զրույցում փաստաբան, Սարգսյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ասաց՝ երբ խոշոր ընկերությունները սնանկ են ճանաչվում, պարտատերերի պահանջներն ապահովելու հարցը լրջագույն խնդիր է դառնում: «Արմավիա» ավիաընկերությունը, ինչպես վստահեցրեց Շուշանյանը, Կարեն Սարգսյանին պարտք է 15 միլիոն դրամ, որի պահանջով օդաչուն դիմել էր դատարան: Դատարանը վճիռ էր կայացրել հոգուտ օդաչուի, բայց դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը՝ ԴԱՀԿ-ն, ըստ Շուշանյանի՝ անգործության է մատնվել. «ԴԱՀԿ-ն միտումնավոր 4 ամսից ավելի չկատարեց դատարանի վճիռը, սպասեց այնքան, մինչեւ դատարանը «Արմավիային» սնանկ ճանաչեց: Հետո ԴԱՀԿ-ն տեղեկացրեց, որ կատարողական վարույթը կարճում է, քանի որ «Արմավիան» սնանկ է ճանաչվել, եւ փաստորեն մենք մեր պահանջը սնանկացման գործի շրջանակներում պետք է ստանանք»: Ընդ որում, Շուշանյանը, մինչ «Արմավիայի» սնանկանալը, գրավոր դիմել էր ԴԱՀԿ՝ պարզելու, թե ինչ ընթացքում է գումարի բռնագանձման գործը, սակայն պատասխան չի ստացել: Խոշոր ընկերությունների սնանկացման հետեւանքով ամենաանպաշտպան պարտատերերն աշխատակիցներն են, քանի որ ըստ օրենքի՝ եթե ընկերության գույքը վաճառվում է, առաջին հերթին վճարվում են գրավով, երաշխիքով պարտքերը, հարկային պարտքերը, իրավաբանական անձանց պարտքերը, սնանկացման գործով կառավարչի ծախսերը, վերջում, եթե, իհարկե, տակը բան է մնում՝ աշխատակիցների աշխատավարձերը: «Արմավիայի» դեպքում հույս չկա, որ աշխատակիցները սնանկացման գործի շրջանակներում մի կոպեկ կստանան: «Արմավիան» մոտ 100 աշխատակցի աշխատավարձերի պարտք ունի:

2
«Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» սնանկացման գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, որ այս ավիաընկերության լուծարումը սկսվել է անցյալ տարի, ավիաընկերությունը մոտ 80 միլիարդ դրամ պարտք ունի:

Մեր հարցին, թե ի՞նչ գույք ունի «Արմավիան», արդյոք հնարավորություն կա՞ գույքի վաճառքի պարտքերը մարել, կառավարիչն ասաց, որ «Արմավիան» մի ինքնաթիռ ունի «Ամերիա» բանկում գրավադրած, այն էլ այդ ինքնաթիռի շարժիչը բացակայում է: Եթե անգամ հաջողվի այն վաճառել, ապա բանկի պարտքն է վճարվելու: «Արմավիան», ըստ կառավարչի, նաեւ որոշ պահեստամասեր ունի, որոնք թեեւ գրավի առարկա չեն, բայց գնորդ չունեն. «Չեն վաճառվում, Հայաստանում պահանջարկ չկա, բրոքերներին ենք ներգրավել՝ ամբողջ աշխարհում տարբեր ավիաընկերություններին փորձում են ներկայացնել, չգիտեմ՝ տեսնենք, ինչ կլինի»: Մեր այն հարցին, թե աշխատակիցներն ի՞նչ երաշխիք ունենան, ինչի՞ վրա հույս դնեն, որ իրենց փողերը կստանան, կառավարիչը ուսերը թափ տալով՝ ասաց. «Ինչի՞ վրա, ոչ մի բանի վրա, դա իրենք էլ գիտեն»:

«Օդաչու Կարեն Սարգսյանի՝ «Արմավիայից» աշխատավարձի գումարը պետք է Հայաստանի Հանրապետությունը հատուցի»,- վստահեցրեց փաստաբան Շուշանյանը: Նրա հիմնավորմամբ՝ «Պետական լիազոր մարմնի՝ ԴԱՀԿ-ի անգործության հետեւանքով Սարգսյանի գումարը չբռնագանձելու ողջ պատասխանատվությունը կրում է պետությունը, քանի որ ԴԱՀԿ-ն մինչեւ «Արմավիայի» սնանկ ճանաչելը կարող էր դատարանի վճիռն ի կատար ածել եւ Սարգսյանի գումարը բռնագանձել ավիաընկերությունից»:
«Արմավիայից» դեռ «չպրծած»՝ Սարգսյանն ու նրա նման բազմաթիվ աշխատակիցներ հիմա էլ «Էյր Արմենիայից» են սպասում իրենց վաստակած աշխատավարձերի պարտքը: Այս ավիաընկերության ընդհանուր պարտքը մոտ 16 միլիոն դոլար է: Այս ընկերությունն էլ, «Արմավիայի» պես, պարտքերը փակելու համար բավարար գույք չունի: Ավիաընկերության 51% բաժնետեր Արսեն Ավետիսյանի սեփականությունը՝ առանձնատունը, HSBC բանկում է գրավադրված, եղած մյուս գույքը գրասենյակն ու դրա գույքն է:

Մեզ հետ զրույցում այս ավիաընկերության աշխատակիցներն ասացին, որ լավ կլինի՝ առողջացման ծրագիրը հաստատվի, որպեսզի իրենք համ անգործ չմնան, համ էլ ընկերությունը հնարավորություն ունենա աշխատելով՝ աստիճանաբար պարտքերը մարել:
Կարեն Ասատրյանը, որը նաեւ «Էյր Արմենիայի» սնանկացման գործով կառավարիչն է, ասաց, որ բանավոր տեղեկություն է ստացել այն մասին, որ «Էյր Արմենիայի» 49% բաժնետերը (East Prospect Fund-Ն.Բ.) առողջացման ծրագիր է ներկայացրել, սա 2-րդ ծչագիրն է, առաջինը մերժվել էր: Այս ծրագրի հաստատումն էլ, ըստ էության, կախված է նրանից, թե ինչ ծավալի ներդրումներ է պատրաստվում կատարել սեփականատերը, արդյոք պարտատերերը, որոնց թվում են բանկեր եւ մի շարք ընկերություններ, կհամաձայնվե՞ն առողջացման ծրագրին: Ընդ որում, եթե այն հաստատվի էլ, սնանկացման կառավարիչը պիտի հետեւի դրա իրականացման գործընթացին. չի բացառվում, որ այդ ծրագիրն էլ ձախողվի, ու նորից աշխատակիցները մնան «կոտրված տաշտակի առաջ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29