Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ գրքի հեղինակների՝ «Կալանավորումը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց»

Փետրվար 18,2016 13:30

Հայաստանի դատավորների միությունը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակել է «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական եւ գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները» գիրքը:

Խմբագիրն է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, համահեղինակներն են՝ ԵՊՀ դոցենտ, իրավագիտության թեկնածու Վահե Ենգիբարյանն ու իրավագիտության թեկնածու Մհեր Հակոբյանը:

Գիրքը կազմված է 6 բաժիններից, հավելվածից, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից:
Հատկապես առանձնանում է բաժին 2-ը, ուր խոսք է գնում կալանավորման օրինականության եւ հիմնավորվածության նկատմամբ դատական վերահսկողության մասին: Ըստ գրքի հեղինակների. «Կալանավորումը համարվում է ամենախիստ խափանման միջոցը, որը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց, եւ այն դեպքերում, երբ առավել մեղմ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, եւ արդարադատության իրականացումը»:
Բացի դա, կալանավորումը երբեք չպետք է դիտարկվի որպես հարցի լուծման հիմնական տարբերակ, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար հանցանք է կատարել:
Անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործողությունների նկատմամբ դատական վերահսկողությանը», բաժին 4-ում խոսք է գնում գործող՝ ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի մասին, որտեղ սահմանված են, թե ինչպես է դատարանի որոշմամբ կատարվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսազրույցների, փոստային հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակումը:
Քաղաքացիների բնակարանների անձեռնմխելիությունը սահմանված է երկրի հիմնական օրենքով, ըստ որի՝ արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ինչ վերաբերում է մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, հեղինակները նշել են, որ «Մարդու մասնավոր կյանքի ոլորտի մեջ կարելի է ներառել մաեւ առողջությունը, նրա սոցիալական, քաղաքական, կրոնական այլ հայացքները, մասնագիտական հետաքրքրությունները, նյութական վիճակը»:

Հեղինակների կարծիքով, ինչը արտահայտվել է գրքի «Վերջաբանում», գործող քրեադատավարական օրենսդրության մեջ մինչդատական վարույթի նկատամբ դատական վերահսկողությունը մի քանի դրսեւորումներ է ստանում, մի դեպքում, առանձին քննչական, դատավարական գործողությունները սահմանափակում են մարդու ազատությունները, հիմնարար իրավունքները, մյուս դեպքում՝ դատարանները ստուգում են արդեն իսկ կատարված գործողությունների (անգործության) ու կայացված որոշումների օրինականությունը:

Նշված վիճակագրության համաձայն, 2011թ.-ին ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է մինչդատական վարույթի նկատմամբ, դատական ակտի հետ կապված, 17635 միջնորդություն, որից միայն 13946-ը վերաբերել է մինչդատական վարույթի հսկողությանը:
Գիրքը վաճառքի ենթակա չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29