Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երաժշտական թատրոնի «թուղթ ու գիրը»

Փետրվար 18,2016 13:00

Կամերային երաժշտական թատրոնի վրա ասես «թուղթ ու գիր» լինի: Այստեղ անընդհատ կրքերը եռում են: Իրավիճակը թեժ էր 2004 թ., երբ կոլեկտիվն ընդվզում էր նախկին տնօրեն, այն ժամանակ ՕԵԿ անդամ Աշոտ Ջիվանյանի դեմ («Առավոտ», 14 հոկտեմբերի, 2004թ., «Կոլեկտիվը դեմ է տնօրենին»): Թատրոնի այն տարիների գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանն էլ դժգոհում էր, որ այդ տնօրենն ուզում է «թատրոնի վզին փաթաթել իր անտեղյակությունը»: Մելիքսեթյանը նաեւ հայտարարում էր, որ ինքը պատրաստ է աշխատել ցանկացած մեկի հետ, միայն թե լինի թատրոնի մարդ:

Կամերային երաժշտական թատրոնն ալեկոծ էր 2006-ին, երբ «մի առվով չէին գնում» տնօրեն Լեւոն Աբրահամյանի ու գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի «ջրերը»: Ի վերջո, 2006-ին մշակույթի նախարարությունը աշխատանքից ազատեց թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանին, որի ձեռամբ ավելի վաղ ազատվել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը: Ի դեպ, Աբրահամյանը դատի էր տվել մշակույթի նախարարությանը: «Առավոտին» տված մի հարցազրույցում էլ («Առավոտ», 2007 թ. մարտի 13, «Անկապ նախարարներից կախում չենք ունենա») ԱՄՆ-ում բնակվող եւ արթ-մենեջմենթ ուսումնասիրող Լեւոն Աբրահամյանը մշակույթի նախարարության մասին ասել էր. «Ինչ ուզենան՝ կանեն: Թուղթն էլ է իրենց ձեռքին, գրիչն էլ: Ուղղակի ցավում եմ, որ ո՛չ կոլեկտիվը, ո՛չ նախարարությունը հաշվի չառան իմ աշխատանքը, հազարավոր դոլարների ներդրումներս թատրոնում: Միայն «Կարինեի» ու «Լիլիթի» վրա իմ գրպանից 1մլն 100 հազար դրամ եմ ծախսել: Նախարարն ասում էր՝ փողդ հետ կտամ, դե թող վերադարձնի, թե չէ՝ մեծ-մեծ խոսում է: Ստուգողներ էլ բերեցին վրաս, ոչ մի բան չգտան: Հիմա զրո տնօրեն են նշանակել, որն ի վիճակի չէ աշխատել: 4 ամսվա մեջ ոչ մի ներկայացում չեն բեմադրել: Գուցե ինքը շատ լավ մարդ է (նկատի ուներ այն ժամանակվա տնօրենի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանին- Գ. Հ.), բայց հաստատ՝ ոչ լավ տնօրեն»:
2014 թվականի հոկտեմբերի 1-ից Արմեն Մելիքսեթյանը կրկին վերադարձավ Կամերային երաժշտական թատրոն՝ այս անգամ՝ գլխավոր ռեժիսորի հաստիքով: Նա այդ շրջանում աշխատում էր զուտ երաժշտական ներկայացումների վրա: Սակայն դա կարճ տվեց: Մելիքսեթյանը օրերս հեռացավ թատրոնից, նախարարին գրած բաց նամակում ցավ հայտնելով, որ թատրոնը կոմայից դուրս բերելու իր ցանկությունը չի իրագործվել, եւ մշակույթի նախարարության ոչ ճիշտ քաղաքականության ու ոչ ռացիոնալ որոշումների պատճառով թատրոնը հայտնվել է փակուղային իրավիճակում:

«Առավոտի» հետ զրույցում Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը՝ Արմեն Մելիքսեթյանի՝ մշակույթի նախարարին գրած բաց նամակը որակեց բավականին ուշացած եւ անհիմն: «Այն, ինչի մասին գրված է նամակում, էթիկայի կանոներից դուրս է, բայց դա ամեն մեկի իրավունքն է, այդ թվում՝ նաեւ մեր նախկին գլխավոր ռեժիսորի: Ես չեմ կարողանում հասկանալ՝ բազմաթիվ հանդիպումներից հետո ի՞նչ է նշանակում բաց նամակ: Երկրորդն էլ, այնտեղ կան էթիկայի կանոններից դուրս որակումներ՝ կոնկրետ անձանց հասցեին: Եվ կապ չունի՝ անուններ գրված են, թե ոչ: Դա անընդունելի բան է, մյուս կողմից՝ բոլոր դեպքերում իր իրավունքն է: Ես չեմ ընդունում այն, ինչի մասին խոսվել է նամակում: Մեկնաբանելու կարիք էլ չեմ տեսնում: Ավելորդ եմ համարում խոսել մի բանի շուրջ, որ չկա, չի էլ կարող լինել: Նախորդ բաց նամակն էլ է բարձրաձայնվել, հիմա էլ է բարձրաձայնվում նոր բաց նամակի տեսքով: Եթե նա նման ճանապարհ է գտել, դա իր գործն է: Անձամբ ես փորձում եմ աշխատել ինձ տրված իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակում, պարտավոր եմ հետեւել թատրոնի գործունեությանը: Թե ում դուրը դա չի գալիս, կամ ով չի ցանկանում տեղավորվել թատրոնի զարգացման եւ աշխատանքային ռիթմի շրջանակում, դա իր անձնական խնդիրն է»,-ասաց մասնագիտությամբ բանասեր Գրիգորյանը:

Թե ինչ լուծում կտրվի առաջիկայում, առայժմ անհայտ է, մնում է հիշեցնել, որ մի անգամ մշակույթի նախարարության որոշման արդյունքում թատրոնը կորցրեց՝ կամերային երաժշտական թատրոնի իր դիմագիծը:

Հավելենք, որ 2006 – 2014 թթ. թատրոնը ղեկավարել է Դավիթ Հակոբյանը, եւ նրա պաշտոնավարման ժամանակ որեւէ մյուզիքլ չի բեմադրվել, եղել է 11 ներկայացում, որոնցից մեկը՝ «Հեյ, ո՞վ կա այդտեղ» կամերային օպերա էր: Արմեն Մելիքսեթյանը թատրոնում աշխատել է 1997-2006թթ., այդ տարիներին բեմադրվել են բացառապես երաժշտական ներկայացումներ՝ բալետ, օպերա, մյուզիքլ, փոփ-օպերա եւ այլն:
2014 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած՝ նա նույն ոգով էր աշխատում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Ուրեմն Դավիթ Հակոբյանն էլ մեծ մեղք ունի այս ամենի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29