Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ արժութային շուկայի կայունության վերաբերյալ

Փետրվար 18,2016 12:00

Ցանկացած երկրի արժութային համակարգի ձեւավորման եւ զարգացման կարեւորագույն գործոն է արժութային քաղաքականության եւ ռեժիմի ընտրությունը: Դա արժույթի հավասարակշռված փոխարժեքի հետագա ձեւավորման հիմքն է, ինչը կարեւոր նշանակություն ունի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործում եւ ստեղծում է անհրաժեշտ եւ բավարար հիմքեր տարբեր երկրների արժույթների իրական արժեքների համեմատման եւ փոխարկման համար: Պահանջն արդիական է ապրանքների եւ ծառայությունների, առեւտրի, կապիտալի միջազգային շարժի ապահովման համար: Փոխարժեքը հնարավորություն է տալիս համեմատելի դարձնել ազգային եւ միջազգային շուկաներում ձեւավորվող գները, ինչպես նաեւ ազգային եւ օտարերկրյա արժույթով արտահայտված տարբեր մակրոտնտեսական ցուցանիշները: Ինչպես ցանկացած ապրանքի գին, արժույթի փոխարժեքը եւս արժույթի առաջարկի եւ պահանջարկի ազդեցության արդյունքում կարող է շեղվել կամ, այլ կերպ ասած, տատանվել իր արժեքային հիմքի շուրջ: Արժույթի առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը պայմանավորված է մի շարք գործոններով, ընդ որում՝ դրանց մի մասն ուղղակիորեն կախված է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից: Ազդող գործոնները փոխկապակցված են, եւ տարբեր իրավիճակներում կամ ժամանակահատվածներում դրանց մի մասը հանդես է գալիս որպես արժույթի փոխարժեքի ձեւավորման որոշիչ գործոն:

ՀՀ կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը, կապիտալի շարժի, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների համար ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի հիմքի վրա բարենպաստ իրավատնտեսական դաշտի ստեղծմանը:

Համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումների արդյունքում 2014-16 թթ. ԵՏՄ եւ մյուս տարածաշրջանների զարգացող երկրների արժույթները շարունակաբար ենթարկվել եւ ենթարկվում են արժեզրկման էական ճնշումների: Ի տարբերություն այլ արժույթների՝ ՀՀ դրամի փոխարժեքը դրսեւորում է համեմատաբար կայուն վարքագիծ, ինչը կարող է բացատրվել մի կողմից հիմնարար գործոններով, այն է` տնտեսական իրավիճակը ներկայացնող փոփոխականներով, մյուս կողմից՝ ԿԲ-ի վարած քաղաքականությամբ: Նշված ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 21%-ով, ինչը ամենափոքր ցուցանիշն է ԱՊՀ երկրներում (ներառյալ՝ Վրաստանը եւ Ուկրաինան): Դա այն դեպքում, երբ ԵԱՏՄ մյուս երկրներում՝ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում նույն ժամանակահատվածում արժեզրկումը գերազանցել է 100%-ը, իսկ, օրինակ, Ուկրաինայում՝ 200%-ը: Բարձր են արժեզրկման ցուցանիշները նաեւ մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում այն կազմել է 102%, իսկ Վրաստանում՝ 42%: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է շուրջ 23%-ով, ինչը համեմատելի է ՀՀ դրամի արժեզրկման մակարդակի հետ:

Բացի արժեզրկման ցուցանիշից՝ կարեւոր են նաեւ տատանողականության մակարդակը նկարագրող ցուցանիշները, որոնք բնութագրում են տվյալ տարադրամով պայմանավորված շուկայական ռիսկերը: Նշված ժամանակահատվածում այդ մեծությունների վերլուծությունը (օրինակ՝ վարիացիայի գործակիցը) ցույց է տալիս, որ ՀՀ դրամի տատանումները զգալիորեն ցածր էին մյուս երկրների արժույթների ցուցանիշներից. օրինակ՝ երեք անգամ ավելի ցածր, քան Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի արժույթների տատանողականությունը, եւ շուրջ երկու անգամ ավելի ցածր, քան Վրաստանինը եւ Ադրբեջանինը:

(շարունակելի)

ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

 

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29