Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ
Օթար Ճիլաձեի «Քթոցը» արդեն հասու է հայ ընթերցողին
Երեւանյան գրքի սրահներում օրերս հայտնված Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպի առիթով իսկական իրարանցում է: Շուրջ 3 տարի «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» շարքի յուրաքանչյուր գիրք (արդեն շուրջ 30) հետաքրքրություն էր առաջացրել, բայց նման բան դեռեւս չէր եղել: Գրքի սեղմագրում կարդում ենք. «Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը պատմության ու ներկայի զուգադրմամբ վեր է հանում պետականություն ունենալու երազանքի եւ իրականացած երազանքից հիասթափության, ազգային մեծ իդեալների ու ազգային սովորական սնապարծության ողբերգական հակադրությունը՝ մարդկային ճակատագրերի, հարաբերությունների անսովոր զարգացումներով, հեղինակավոր խոսքի կրքոտ տարերքով, տիրոջական կեցվածքով»: Իսկ թե ինչով է բացատրվում հիշյալ երկի հանդեպ նման հետաքրքրությունը, մասնագետներից ոչ մեկը, այդ թվում՝ մեկ-երկու գրականագետներ, «Առավոտի» հետ չցանկացան «կիսվել»: Միայն գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ժլատորեն հայտնեց հետեւյալը. «Զարմանալի մի բան կա: Թե խորհրդային, թե անկախության շրջանում մշտապես բարձր կարծիք է եղել Օթար Ճիլաձեի գրականության մասին: Բայց, չգիտես ինչու, նրա ստեղծագործությունները երբեւէ չեն թարգմանվել»: Փոքր-ինչ մանրամասնելով էլ հավելեց. «Թերեւս պատճառներից մեկն այն է, որ գրողը իր վեպերում այնքան էլ բարենպաստ տեսակետներ չի արտահայտում հայերիս մասին: «Քթոցը» դրա օրինակն է, մանավանդ որ, այն զարմանալիորեն ի ցույց է դնում նորանկախ մեր պետության, հասարակության, հատկապես իշխանության բոլոր արատներն ու թերությունները: Թեպետ ստեղծագործությունը վերաբերում է վրաց իրականությանը»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ հակիրճ նկարագրելով վեպի սյուժեն, նշեց. «Հերոսը ծնվում է քթոցում (զամբյուղ), մեծանում, շրջապատ ձեւավորում, հզորանում եւ երազում է, որ իր հայրենիքը կառուցի ծննդավայրի նմանությամբ, այս դեպքում՝ ախոռի… Արդյոք նման չէ՞ մեր իրականությանը… Գոնե վերջին շրջանում տարբեր առիթներով խոսվում է գյուղական մշակույթի՝ քաղաք ներխուժման, Երեւանի ճարտարապետական ավերման, հարցերը գեղական կարգով լուծելու մշակույթի մասին… Այս գիրքը օրինակ է, որ նման ճանապարհով պետություն չես կառուցի: Դրա համար անհրաժեշտ են պետականության աղյուսները՝ քաղաքացիները»:
Պարոն Մարտիրոսյանը վեպի առնչությամբ մեջբերեց գրականագետ Անուշ Սեդրակյանի խոսքը՝ այս վեպը արեւելաեվրոպական գրականության անկյունաքարն է, հետո էլ շարունակելով՝ ավելացրեց. «Տիկին Սեդրակյանը արձանագրում է ընդհանրապես որեւէ տոհմի, դինաստիայի մասին վեպի ժանրի բացակայության փաստը հայ գրականության մեջ, ասում, որ «Քթոցը» անմիջականորեն կապ ունի պետականության կայացման խնդրի հետ»:
Կարդացեք նաև
Այս վեպի հրատարակությամբ, Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ մարտահրավեր եմ նետում հայաստանցի ժամանակակից գրողներին, ոլորտում մե՜ծ բացը լրացնելու համար: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ նման գործերը իրականության թելադրանքով են ծնվում եւ, մեծ հաշվով, ցանկության դեպքում անգամ նման վեպ գրելը կարող է բավարար չլինել, որովհետեւ այսօրվա իրականությունը, իշխանությունների վարքագիծը հակապետական միտումներ ունեն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում ` Արմեն Մարտիրոսյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Առավոտ» օրաթերթ
17.02.2016