Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ֆելիքս Ցոլակյանը նամուսով-թասիբով շիրակցի է». Հովհաննես Մարգարյանը՝ մարզպետի հնարավոր փոփոխության մասին

Փետրվար 17,2016 23:25

Մինչ Շիրակի մարզի պաշտոնյաները՝ հատկապես գյուղապետերը, առողջապահական հիմնարկների ղեկավարները լարված սպասում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծմանը, որպեսզի ի վերջո իմանան, թե ո՞ւմ են հրամցնում Շիրակի մարզպետի պաշտոնը, գյումրեցի պատգամավորները շարունակում են հորդորել ՀՀԿ վերնախավին, որպեսզի  այս պահին չփոխեն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ֆելիքս Ցոլակյանի հետ վաղուց եմ աշխատել, դեռ այն ժամանակ, երբ ինքը մեր տարածաշրջանում էր ու Ազգային անվտանգության ոլորտում էր, այդ ժամանակվանից շփվել ենք եւ իր մարդկային ու աշխատանքային որակները միշտ բարձր եմ գնահատել: Որպես մարզպետ՝ Ֆելիքս Ցոլակյանը կարողացավ բավականաչափ մեծ ներդրում ունենալ Շիրակի մարզի համար եւ այդ աշխատանքային տարիներին ձեռք բերեց բոլորի վստահությունը: Դա խոսում է իր պարկեշտության, ազնվության ու նվիրվածության մասին, եւ ի վերջո մեր հողի, ջրի մարդն է: Մեկ բառով ասած, մեր գյումրեցոնց խոսքով՝ նամուսի ու թասիբի տեր մարդ է Ֆելիքս Ցոլակյանը, լավ աշխատող, սիրված ու հարգված: Ինչ վերաբերում է այսօրվա դրությամբ մարզում փոփոխություն կատարելուն, դուք գիտեք, որ քաղաքական պաշտոններ են եւ դա որոշողները, իմ պատկերացմամբ,  իշխանություններ են, նշանակումների հիմնական մասը պայմանավորված են քաղաքական որոշումներով: Եթե ինձ հարցնեն, ես կասեմ, կպնդեմ ու կմիանամ բոլոր ասողներին, որ Ֆելիքս Ցոլակյանը կարողացավ կարճ ժամանակահատվածում…Ովքեր, որ իրեն չէին ճանաչում, շփվեցին, զզացին, որ սրտացավ մարդու հետ գործ ունեն: Առաջինը լավ թասիբով շիրակցու եւ երկրորդը՝ բոլորի ցավով ու դարդով մտահոգված մարդու: Այնպես որ ես էլ եմ նրա հետ լավ հարաբերության մեջ, բացի նրանից, որ մենք ոլորտներով շփվում ենք. դուք գիտեք, որ ես տարածքային կառավարման եւ տեղական  ինքնակառավարման հարցերով հանձնաժողովում եմ Ազգային ժողովում, նախկինում եղել եմ այդ հանձնաժողովի նախագահը, մենք  մշտապես շփվել ենք ե՛ւ գործի բերումով, ե՛ւ որպես ընկերներ, մենք շատ մտերիմ ընկերներ են, ես ինքս կուզենայի, որ Ֆելիքս Ցոլակյանը  շարունակի իր աշխատանքը Շիրակի մարզում, քանի որ տեսանելի ձեռքբերումներ ունեցել է: Ինչ վերաբերում է քաղաքական որոշումներին, էստեղ անելիքը համապատասխան քաղաքական ուժերինն է, որոնք ներկայացնում են այդ պաշտոններում, ըստ էության, թեկնածուներ, դա կարելի է ասել նաեւ քաղաքական պաշտոններ են»:

Հիշեցնենք, որ Սուքիաս Ավետիսյանը եւս դեմ է մարզպետի փոփոխությանը, ըստ նրա, մարզպետների փոփոխությունները միշտ չէ, որ դրական արդյունք են տալիս: Այս պահին, ըստ պատգամավորի, Շիրակի մարզում կա կայուն, համախմբված թիմ, որը մարզպետի հետ համատեղ լուծում է խնդիրները:

Նշենք, որ Շիրակի մարզի պաշտոնյաներից շատերի մոտ լարվածությունը հասել է զավեշտի, առավոտյան Շիրակի մարզպետ են «նշանակում» ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին՝ պնդելով, որ նա է, որ կա, իսկ երեկոյան հիասթափված արձանագրում՝ «Չէ, ՀՅԴ-ն էսօր էլ չի հաստատել նրա թեկնածությունը»: Մյուս օրերին էլ նույն վստահությամբ Հակոբ Մաթիլյանին են մարզպետ «նշանակում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29