Նախօրեին Երևանում մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ փողոցում ֆիզիկական հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ:
Հանցագործության մասին ակտիվիստները հաղորդում են ներկայացվել ոստիկանություն:
Ոստիկանության պաշտոնական կայքում տեղեկություններ չկան դեպքի առնչությամբ, մինչ այժմ հրապարակված չեն հարձակում գործած անձանց տվյալները:
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակման ենթարկված անձանցից մեկը, որ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Երևանի N1 կլինիկական հիվանդանոց, ծաղրի է ենթարկվել բժշկական անձնակազմի կողմից, բժիշկները լիարժեք բուժզննում չեն անցկացրել:
«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոնը խստորեն դատապարտում է քաղաքացիների նկատմամբ այս հարձակումը, ինչպես նաև ոստիկանության փաստացի անգործությունը՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու հնարավորության բացթողումը, նաև բուժանձնակազմի՝ բժշկական էթիկային ու ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող վարքի դրսևորումը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջորեն հետևել դեպքի վերաբերյալ իրադարձությունների զարգացմանը, ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել հարձակվող անձանց հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կանչելու ուղղությամբ, Առողջապահության նախարարությանը հորդորում ենք քայլեր կատարել վերոնշյալ բուժհիմնարկի աշխատակիցների շրջանում առկա անթույլատրելի բարքերը վերացնելու ուղղությամբ:
Կազմակերպությունը հետևողական է լինելու ատելության հողի վրա տեղի ունեցած այս հանցագործության բոլոր մանրամասները պարզելու և մեղավորներին հանրային և իրավական պատասխանատվության կանչելու հարցում:
«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հ/կ