Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանչական (Բողոքական) եկեղեցիների շքանշանները, պարգևները, հուշամեդալները, ինչպես նաև նշաններն ու խորհրդանշանները ներկայացված են նոր լույս տեսած «Հայ եկեղեցու պարգևները» գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ «ԱրտԲրիջ» գրախանութում:
Գրքի հեղինակը Նիկա Բաբայանն է, որը երկար տարիներ զբաղվում է ֆալերիստիկայով: Իսկ գրքի վրա սկսել է աշխատել նախորդ տարվանից. «2015-ի ապրիլի 12-ին Հռոմի պապի մատուցած պատարագն ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց և սկսեցի աշխատել գրքի վրա»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Ն. Բաբայանը:
Եռալեզու գրքում երեք հարյուրից ավելի լուսանկար կա: Որոշ դեպքերում շքանշաններից, մեդալներից բացի, ներկայացված են նաև դրանց շնորհման վերաբերյալ կաթողիկոսական կոնդակները:
«Հայ առաքելական եկեղեցու առաջին պարգևը Գևորգ Հինգերորդի կողմից թողարկված «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանն է: Առաջին հանրապետությունը որոշումներ ընդունեց մի քանի շքանշանների վերաբերյալ, բայց ոչինչ չկարողացավ իրականացնել (հասկանալի է, պատմական դժվար իրավիճակ էր), բայց Գևորգ Հինգերորդը կարողացավ: Ավելին՝ հայկական եռագույնը հայտնվեց առաջին պարգևի վրա: Հետաքրքիր է այն փաստը, որ մեր առաջին պարգևը հիմնվել է 1918 թվականին, իսկ, օրինակ, Վրաստանինը՝ ավելի ուշ՝ 1963-ին: Էլ չեմ ասում, որ ռուսական եկեղեցու առաջին շքանշանը 1958 թվականին նոր հիմնվել է: Այս հարցում, պարզվում է, մենք բավականին առաջատար երկիր ենք»,- ասաց Նիկա Բաբայանը:
Կարդացեք նաև
«Հայ եկեղեցու պարգևները» գրքի հեղինակն ընդգծեց, որ նյութերը հավաքելը բավականին ծանր ու երկարատև աշխատանք է եղել: Տեղական ու արտասահմանյան աղբյուրները, պետական ու մասնավոր հավաքածուներն ուսումնասիրելիս հաճախ է հանդիպել կցկտուր տեղեկությունների. «Այնպես որ, այս գիրքը հավակնություն չունի լինելու հայ եկեղեցու բոլոր պարգևները լիարժեք ներկայացնող աշխատություն, և չի բացառվում, որ հետագայում լրամշակվի ու վերահրատարակվի»,- նշեց Ն. Բաբայանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ