«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր ժիրայր Ավանյանը օրերս մամուլում հայտարարել էր, որ «Դոլմամայի» տարածքում եւ հարեւանությամբ գինեգործները պատմական ու մշակութային առումով հետաքրքիր շինություններ են գտել, որոնք պետք է պահպանել: Նա նաեւ հավելել էր, որ իր կռիվը զուտ «Դոլմամայի» համար չէ, այլ այն պատմական միջավայրի պահպանման, որը կարող է զբոսաշրջիկների հոսք ապահովել Երեւան:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը հաստատեց Ժիրայր Ավանյանի ասածը: «Այո, 19-րդ դարի Երեւանն ընդհանրապես դժվար է պատկերացնել առանց գինու նկուղի ու փոքրիկ հնձանի: Դա Երեւանի դեմքն է, անկախ նրանից՝ տվյալ տունը, որտեղ է գտնվում՝ քաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ կենտրոնից դուրս: Սա քաղաքի դիմագիծն է:
Ի հավելումն սրան, նշեմ, որ ինչքան մոտենում ենք կենտրոնին, այնքան մառանները մեծանում են եւ հնձանները դառնում ավելի գեղեցիկ: Սա առանձնապես նկատվում էր 1860-ականներից հետո, երբ կապիտալի ներհոսք է մտնում Երեւան: Այսօրվա Բյուզանդի փողոցը, Արամի փողոցը, Դոլմամայի փողոցը՝ Պուշկինը, բոլորը մառաններ ունեին շենքերի հետեւում եւ շատ հաճախ այդ մառաններն իրար միացած էին փոքրիկ թունելներով: Ներկայումս Բյուզանդի փողոցում նման մի քանի մառան պահպանվել են՝ փոքրիկ, իրար միացնող թունելներով»,-փաստեց պարոն Հարությունյանը:
Նա հայտնեց, որ 1880-ականների վերջին «Դոլմամայից» երկու շենք դեպի Սախարովի հրապարակում գտնվող տունը գնել է հայ այգեգինեգործ Ներսես Թայիրովը, որը մի քանի տուն ուներ Երեւանում: «Կոնկրետ այս տունը, որ գտնվում է «Դոլմամայի» հարեւանությամբ, առանձնանում էր մյուսներից նրանով, որ շատ գեղեցիկ նկուղ եւ հնձան ուներ: Թայիրովն ապրում էր այդ տանը, թեեւ գինի չէր պատրաստվում այդտեղ, որովհետեւ գործարանում էր պատրաստվում, ուղղակի դա գեղեցիկ սիմվոլիկա էր: Այժմ այդ նկուղը պահպանված է: Մենք մտածում էինք դիմել կառավարություն, որ այն հանկարծ չքանդվի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ափսոս այն ժամանակ տեղյակ չենք եղել այս փաստի մասին
https://www.youtube.com/watch?v=XwizXTHvV_U