Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ի կողմից մարզահամերգային համալիրի օտարումը կոռուպցիոն մեծ ռիսկեր է ունեցել». զեկույց

Փետրվար 17,2016 19:55

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող խմբում է:

Ուսումնասիրվել է հինգ ոլորտ ու ուսումնասիրված բոլոր ոլորտներում էլ արձանագրված ցուցանիշերը մտահոգիչ են. ֆինանսական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կազմում են 23%, անձնակազմը՝ 47%, գործողությունները՝ 25%, գնումները՝ 26%, եւ քաղաքական ոլորտում՝ 30%:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արաքս Մելքոնյանի խոսքով,  խորհրդարանական ուժերը ներգրավված չեն պաշտպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացին, իսկ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների անունները կապված են տարբեր բիզնեսների հետ, և ՊՆ-ն որևէ կերպ չի վերացնում այդ երևույթը: Զեկույցում կար դիտողություն նաեւ ՊՆ-ի կողմից մարզահամերգային համալիրի օտարման հարցի վերաբերյալ. «Անցած տարի համալիրի օտարումը մեկ շաբաթ առաջ գրանցված ընկերությանը, մեծ կոռուպցիոն ռիսկեր էր իր մեջ պարունակել»:

«Ոլորտի գնումների մասին տեղեկատվությունը փակ է, ինչպես որ փակ է եկամուտների մասին տեղեկատվությունը: Օրինակ, թե որտեղից է ստացվում ՊՆ հետախուզական վարչության եկամուտը»,- շարունակեց Արաքս Մելքոնյանը:

«ՊՆ-ի հետախուզության բյուջեն պետք է գաղտնի լինի»,-հակադարձեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ բացատրելով, որ պաշտպանական ոլորտի բյուջեն, եթե հրապարակվի, հաջորդ քայլը կլինի ՊՆ-ի հետախուզական տարբեր ստորաբաժանումների ծախսերի  բացահայտման պահանջը:

Իր կարծիքը գնումների մասին տեղեկատվության բաց, թե փակ լինելու վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց նաեւ Արթուր Սաքունցը՝ պնդելով, որ հասարակությունը պետք է և իրավունք ունի տեղյակ լինել, թե ինչ եկամուտներ ունի պաշտպանության ոլորտը. «Մենք ասում ենք, թե հակառակորդը չպետք է իմանա պաշտպանության ոլորտի բյուջեն, բայց հակառակորդը ևս հաշվել գիտի, այնպես որ ջայլամի այս քաղաքականությունը խնդրի լուծում չէ»:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքի գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ հարցրեց, թե ինչու են
նման ուսումնասիրություններ կատարելիս ու նման զեկույցներ կազմելիս անտեսում խորհրդարանական հանձնաժողովին, որի կազմում են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ. «Ինչու նրանց հետ չեք խորհրդակցում, ձեր ուսումնասիրությունը կունենար այլ պատկեր, եթե խորհրդակցած լինեիք»:

Հարցին շատ կարճ պատասխանեց ԹԻ պաշտպանության եւ անվտանգության ծրագրի կոնֆլիկտի եւ լարված իրավիճակների թիմի ծրագրի ղեկավար Ստեֆանի Նիյսսեն՝ ասելով, որ գնահատումն ամբողջովին ուղարկվում է  կառավարության լիազոր ներկայացուցչին. «Մեզ համար դժվար կլիներ մեկ առ մեկ ամեն հանձնաժողովի հետ այդ աշխատանքը կատարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29